Թող անհամեստ չհնչի, բայց որքան հետեւել-դիտարկել եմ, առաջին անգամ տողերիս հեղինակն է ահազանգել, որ մեզ պարտադրվում է Ալեքսանդրապոլ-2։
Ասել եմ ապրիլյան քառօրյայից հետո՝ tert.am-ի Վարդ Սիմոնյանին տված հարցազրույցում։ Շեշտել եմ, որ պարտադրանքը կասեցվել է բացառապես 18-20 տարեկան՝ ժամկետային զինվորների հերոսության շնորհիվ, բայց իրավիճակի արմատական կարգավորում պետք է գտնել դիվանագիտական հարթությունում։ Բազմիցս գրել եմ, որ Ռուսաստանը երբեք Ադրբեջանի դեմ ուժ չի կիրառելու, բացառված է։
Ինչ ունեցանք՝ վերապատկերելու իմաստ չկա։ Անցյալն անցյալ է, եթե անգամ չափազանց մոտ է մեզ։ Անցյալ է արդեն նաեւ ադրբեջանական եռօրյա ագրեսիան։ Մենք, մինչդեռ, խրվել ենք անիմաստ, անպտուղ բանավեճի մեջ՝ ո՞վ կանգնեցրեց Ալիեւին՝ Ռուսաստա՞նը, թե՞ Միացյալ Նահանգները։ Սոցիալական մեդիայում «իրար կոտորում ենք»՝ արժե՞ մնալ ՀԱՊԿ-ում, թե՞ ոչ։ Ռուսաստանաբնակ հայե՞րն են ավելի հայրենասեր, թե՞ ամերիկահայերը։ Կարդում ես եւ ապշում՝ մի՞թե մենք այսքան ոչ ադեկվատ հանրություն ենք։
Ազգ չեմ ասում։ Եթե ազգ լինեինք, քսան տարի անգիտությամբ բախտավոր չէինք ապրի, բովանդակ աշխարհին չէինք նայի ղարաբաղյան առաջին պատերազմի հաջողությունների «կտուրից» եւ չէինք մեծամտանա, թե մեզ ավելի հաճելի է ագրեսոր կոչվել, քան մազապուրծ։ Այն դեպքում, երբ իրականության մեջ Լեռնային Ղարաբաղը մազապուրծ էր։ Մեկ անգամ չէ, որ ասել եմ՝ աններելի մանկամտություն էր նույնացնել Աղդամը Ստեփանակերտի, վերջինս էլ՝ Երեւանի հետ։ Աշխարհը, միջպետական, միջազգային հարաբերությունները հաշվեկշիռ են, որտեղ ամեն սուբյեկտ ունի տեղ եւ նշանակություն։ Եվ երբ ինչ-որ բան գերագնահատվում է, հետեւում է պատասխանը։
Շանհայի համագործակցության կազմակերպության Սամարղանդի գագաթնաժողովում Հնդկաստանի վարչապետը Ռուսաստանի նախագահին կոշտ դիտողություն է արել, թե մեր ժամանակը, էպոխան պատերազմի չէ։ Կարդացե՛ք Պուտինի պատասխանը։ Բոլորովին նման չէ այն ձեւակերպումներին, որ նա անում է Կրեմլում։ Եվ պատկերացրե՛ք, թե քանի անգամ են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Երեւանին ասել, ակնարկել, հասկացրել կամ բաց տեքստով զգուշացրել, որ Լեռնային Ղարաբաղի շուրջ բուն ադրբեջանական տարածքների վերահսկողությունն անընդունելի է։ Նման առնվազն չորս հայտարարություն հրապարակված է՝ ՌԴ, ԱՄՆ եւ Ֆրանսիայի նախագահների ստորագրությամբ։
Պետության ղեկավարի կարողությունը պետք է չափել ժամանակը հասկանալու չափով։ Երկրորդական է անգամ խարիզման, եթե նա չի տեսնում վաղվա միջազգային կոնյունկտուրան, չի համադրում իր երկրի եւ հարեւանների նպատակները, հնարավորությունները։ Հայաստանի առաջնորդները երկու տասնամյակ չեն հասկացել, թե մեր շուրջը եւ մեր դեմ ինչ է նյութվում։ Բայց դա շա՜տ հեռավոր անցյալ է։ Իսկ օրվա իշխանությունը տեսնո՞ւմ է։ Սա է գերխնդիրը։
Ես շատ տագնապալի տպավորություն ունեմ, թե ընտրվել է տարբերակ, երբ Հայաստանը կարելի է ագրեսիայի զոհ դարձնել եւ միջազգային աջակցությամբ ոչ միայն զսպել, այլեւ ինչ-որ բան պարտադրել Ադրբեջանին։ Սա նշանակում է երկիրը դատարկել։ Աշխարհագրությունն է հուշում․ Աղդամից Բաքու ավելի քան չորս հարյուր կիլոմետր է։ Ադրբեջանի թիկունքում ռազմական սպառնալիք չկա, ոչ էլ աջ եւ ձախ թեւերում։ Հայաստանը Չարենցի բնորոշմամբ մի խորշակյալ, անդուռ Արարատյան դաշտ է։ Մենք ագրեսիայի զոհ տալու տարածք չու-նենք։ Ինչ գրավեցին, մնալու է իրենց։ Առնվազն այնքան տարի, որքան մենք ենք պահել Աղդամը։
Եվ երկիրը դատարկվելու է։ Անթույլատրելի է դարձյալ տրվել անգիտության «բախտավորությանը»։ Պարտությունից եւ պերմանենտ ճնշումներից ուշքի չեկող բանակով, ֆրուստրացիայից ահա-ահա վերջին զսպանակները բաց թողնելու գնացած հանրությամբ պատերազմ չես վարի։ Հաղթական՝ հատկապես։
Թող ինձ կախեն, բայց համարձակվում եմ ասել, որ մեզանում շա՜տ ուռճացված է նաեւ Սարդարապատը, եթե փորձենք գնահատել ոչ մեր «զանգակատան բարձունքից»։ Այս դարում դա կողմնորոշիչ չէ։ Չպետք է լինի։
Պատմաբան, լրագրող, հրապարակախոս, քաղաքական գործիչ։ Հայաստանի Գերագույն Խորհրդի (1990-95) Արցախից ընտրված պատգամավոր, 2000-2015 թվականներին Արցախի Ազգային ժողովի երեք գումարումների պատգամավոր։ «Հոգեւոր Հայաստանը եւ արդիականությունը» գրքի հեղինակն է։