Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպան Վարուժան Ներսեսյանը հարցազրույց է տվել BBC-ին եւ խոսել Հայաստանի սուվերեն տարածքի վրա Ադրբեջանի հարձակման մասին:
«Այն, ինչ տեղի ունեցավ սեպտեմբերի 13-ին, միջազգային իրավունքի եւ նորմերի կոպիտ խախտում էր: Կային բոլոր նշանները, որ Ադրբեջանի հարձակումը կանխամտածված եւ նախապես ծրագրված քայլ էր»,- ասել է դեսպանը:- Այն, որ ադրբեջանական կողմը փորձում է դա ներկայացնել որպես հայկական կողմի սադրանք, բացահայտ կեղծ մեղադրանք է. «Չկա որեւէ ապացույց, որ Հայաստանը խախտել է հրադադարը: Դա կեղծ պնդում է»:
BBC-ի լրագրողն իր հերթին մեկնաբանում է, որ մասնավորապես այս հարձակումը տեղի է ունեցել ոչ թե Լեռնային Ղարաբաղում, այլ հենց երկու երկրների միջեւ սահմանային հատվածում, եւ ադրբեջանական զորքերը դեռ Հայաստանի տարածքում են, եւ որ խոսքը վերաբերում է տարածքային ամբողջականությանը:
Ըստ դեսպանի՝ հրադադարի պայմաններն այս պահին պահպանվում են, սակայն իրավիճակը դեռեւս բավական փխրուն է։ Լրագրողի այն հարցին, թե արդյոք հրադադարը հաստատվել է Ռուսաստանի միջնորդությամբ, դեսպանը պատասխանում է, որ հրադադարը հաստատվել է միջազգային հանրության, այդ թվում Ռուսաստանի միջնորդությամբ:
Լրագրողին հետաքրքրում էր՝ արդյոք Ռուսաստանի ներխուժումը Ուկրաինա եւ պատերազմում նրա ռազմական խնդիրները կարող էին Ադրբեջանին դրդել գնալու նման քայլի, եւ արդյոք Ռուսաստանն ունի այն դերը տարածաշրջանում, որ ունեցել է նախկինում:
Ըստ դեսպանի՝ Ադրբեջանը փորձեց օգտագործել Ուկրաինայում տեղի ունեցող ողբերգությունը: Իհարկե, ուկրաինական հակամարտությունը շատ էներգիա եւ ուշադրություն է պահանջում, սակայն Ռուսաստանը մնում է տարածաշրջանում գլխավոր դերակատար՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ եւ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ:
Հարցազրույցի ընթացքում լրագրողը նշեց նաեւ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության կանոնադրության այն կետը, որը նման է ՆԱՏՕ-ի համապատասխան կետին, որ ցանկացած անդամ հարձակման ենթարկվելիս պետք է ստանա ռազմական օգնություն մյուս անդամներից:
Այո՛, մեր սահմանի վրա տեղի ունեցած ագրեսիվ գործողությունից հետո Հայաստանը դիմել է ՀԱՊԿ, հայտնում է դեսպանը եւ ավելացնում, որ մի բան պարզ է՝ հայ ժողովուրդը եւ Հայաստանի կառավարությունը ամուր կամք ունեն պաշտպանելու մեր տարածքը, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղի ժողովրդին, եթե ագրեսիան շարունակվի:
«Հայաստանը, հիմք ընդունելով իր եւ այլ անդամների պայմանագրային պարտավորությունները, հավատարիմ կմնա կազմակերպության սկզբունքներին եւ հետամուտ կլինի ստանալու այն աջակցությունը, որը ենթադրաբար պետք է ներկայացվի իրեն»:
Պատրաստեց Կարինե Դավոյանը