ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը հայտնել է, որ սեպտեմբերի 19-ին Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանի շրջանակում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի միջնորդությամբ տեղի է ունեցել Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի եւ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի եռակողմ հանդիպումը։
Հանդիպման ընթացքում Միրզոյանն ընդգծել է, որ ադրբեջանական զինված ուժերը պետք է դուրս բերվեն Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքից: Արձանագրվել է, որ ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառումն անընդունելի են, իսկ լարվածության հետագա սրացումների կանխարգելման նպատակով պետք է ներդրվեն միջազգային մեխանիզմներ։
ՀՀ արտգործնախարարը կարեւորել է հումանիտար խնդիրների, դրանց թվում` ռազմագերիների հայրենադարձման շուտափույթ կարգավորումը։
Նախարար Միրզոյանը վերահաստատել է հայկական կողմի պատրաստակամությունը՝ ներգրավվելու հարաբերությունների համապարփակ կարգավորման գործընթացում։
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը ցավակցություն է հայտնել զոհերի առնչությամբ եւ ընդգծել հետագա ռազմական գործողությունների կանխման անհրաժեշտությունը, խաղաղ գործընթացին վերադառնալու կարեւորությունը:
Կողմերը քննարկել են հետագա քայլերը: Պետքարտուղարը Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներին կոչ է արել մինչեւ ամսվա վերջ կրկին հանդիպելու:
Ավելի վաղ՝ հուլիսի 16-ին, Թբիլիսիում Վրաստանի արտգործնախարար Իլյա Դարչիաշվիլիի հյուրընկալությամբ տեղի էր ունեցել Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի եւ Ջեյհուն Բայրամովի առաջին հանդիպումը: Դրանից առաջ՝ մայիսին, Դուշանբեում Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Սերգեյ Լավրովի մասնակցությամբ տեղի էր ունեցել Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը:
Ժամանակն է, որ զորքերը հետ քաշվեն. Բլինքեն
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հետ հանդիպմանը հայտարարել է, որ ժամանակն է՝ զորքերը հետ քաշվեն, իսկ դիվանագետները վերադառնան բանակցությունների սեղանի շուրջ: