ՀՀ ԱԳՆ-ից հայտնել են, որ նախարար Արարատ Միրզոյանը Նյու Յորքում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի միջնորդությամբ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ եռակողմ հանդիպումից առաջ հանդիպել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Շմիդի հետ:
Միրզոյանը Շմիդին ներկայացրել է Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի մանրամասները՝ մատնանշելով, որ այն ուղեկցվել է խաղաղ բնակչության եւ քաղաքացիական ենթակառուցվածքների դիտավորյալ թիրախավորմամբ, հայ զինծառայողների ու ռազմագերիների նկատմամբ վայրագություններով եւ խոշտանգումներով։
Նախարար Միրզոյանը նշել է, որ Ադրբեջանի ագրեսիան կոպտորեն խախտում է միջազգային հումանիտար իրավունքի, ՄԱԿ-ի կանոնադրության եւ Հելսինկյան եզրափակիչ ակտի հիմնարար դրույթները։ Արտգործնախարարը խստորեն դատապարտել է ուժի կիրառմամբ իր առավելապաշտական նկրտումներին հասնելու Ադրբեջանի վարքագիծը՝ հատուկ ընդգծելով ադրբեջանական ագրեսիայի առնչությամբ միջազգային հանրության, ներառյալ ԵԱՀԿ հստակ եւ հասցեական արձագանքի կարեւորությունը, ինչպես նաեւ կազմակերպության շրջանակում առկա համապատասխան մեխանիզմների հրատապ գործարկման անհրաժեշտությունը:
Անդրադառնալով Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմանը՝ Միրզոյանը կարեւորել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության դերը հակամարտության տեւական եւ համապարփակ լուծման նպատակով։
Նախարար Միրզոյանն անդրադարձել է նաեւ 44-օրյա պատերազմի հետեւանքով առաջացած հումանիտար խնդիրներին՝ մատնանշելով հայ ռազմագերիների եւ այլ պահվող անձանց անհապաղ հայրենադարձման անհրաժեշտությունը: