Հանքարդյունաբերության զարգացման ռազմավարության վերջնական նախագիծն արդեն Կառավարությունում է՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի սեղանին։ Կդժվարանամ ասել, թե ինչու այն անմիջականորեն վարչապետի աշխատակազմի պատասխանատվության ներքո չէ՝ հաշվի առնելով ոլորտի ռազմավարական նշանակությունը, ինչպես նաեւ այն, որ այս փաստաթղթի մշակմանը նախորդած փուլում աշխատանքային պրոցեսի համակարգման պատասխանատուն եղել է հենց վարչապետի աշխատակազմը։
Նախագծով ամրագրված է, որ Ռազմավարությունը մշակելու ծրագիրը նախաձեռնել է ՀՀ Կառավարությունը եւ իրականացվում է Համաշխարհային բանկի աջակցության շրջանակում, եւ որ «Ռազմավարության փաստաթղթի մշակումը հիմնված է Հայաստանի «․․․տնտեսության զարգացման գերակայությունների, առաջնահերթությունների ու հնարավորությունների վրա՝ այն համապատասխանեցնելու պետության կողմից վարվող քաղաքականությանը»։
Այսպիսով՝ ռազմավարության նախագծի հաստատումը կնշանակի, որ դրանում արտացոլված մոտեցումները համապատասխանում են Կառավարության որդեգրած քաղաքականություններին, այդ թվում՝ տարածքային պլանավորման, բնակչության տարաբնակեցման եւ այլ ոլորտային քաղաքականություններին։
Ընդհակառակը՝ նախագծում իսպառ բացակայում են բնակչության տարաբնակեցման եւ տարածքային պլանավորման վերաբերյալ Հայաստանի Կառավարության ընդունած եւ իրավական ակտերով ամրագրած քաղաքականության վերլուծությունը։
Հանքարդյունաբերության զարգացման համատեքստում սա առանցքային կարեւորության հարց է, որը պետք է ընկած լինի ցանկացած ռազմավարական նախագծի հիմքում։ Բնակչության տարաբնակեցման եւ տարածքային պլանավորման հիմնահարցից պետք է բխեն հատկապես հանքարդյունաբերության ոլորտի հետագա զարգացման տարածքային, սոցիալ-տնտեսական, մշակութային հիմնավորվածությունը եւ սահմանափակումների շրջանակը։ Այս հարցի վերաբերյալ նույնպես ներկայացվել են առաջարկություններ, որոնք մնացել են անպատասխան։
Ռազմավարության նախագծի համար պատասխանատվության հարցում կա եւս մեկ նշանակալի հանգամանք։ Նախագծի մշակման աշխատանքներն, ըստ էության, իրականացրել են հանքարդյունաբերության ոլորտի ներկայացուցիչները՝ որպես ոլորտում աշխատող անհատ մասնագետներ եւ ոլորտին հարող ինստիտուտներ։ Ընդերքօգտագործման հարցերով շահագրգռված հանրության ներգրավվածությունն այս գործընթացում եղել է խիստ սահմանափակ եւ անարդյունավետ, նախագիծը մշակող աշխատանքային խմբին ներկայացված տեսակետները (այդ թվում՝ գրավոր կերպով ներկայացված) սկզբունքային հարցերում հաշվի չեն առնվել՝ առանց հիմնավորումներ ներկայացնելու։
Այս ամենով հանդերձ՝ նախագիծը մշակող թիմը փորձում է կատարված աշխատանքը ներկայացնել որպես բոլոր շահառուների հետ համաձայնեցված, հավասարակշռված փաստաթուղթ։ Նախագծի վերջնական տարբերակում նշված է՝ «Ռազմավարության նպատակների սահմանման եւ դրանց իրագործման ուղղությամբ առաջարկների մշակումը հիմնված է օրենսդրության, իրավական կարգավորումների ․․․ վրա ․․․ Ռազմավարության մշակման ընթացքում տվյալների հավաքագրման նպատակով ․․․ կազմակերպվել են հանդիպումներ ․․․ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների (հիմնականում՝ ԱՃԹՆ ԲՇԽ) ․․․ ազդակիր համայնքների բնակչության հետ ․․․ աշխատանքներն իրականացվել են շահագրգիռ կողմերի միջեւ տեղեկատվության փոխանակման եւ, հնարավորության սահմաններում, փոխհամաձայնության ապահովման հիման վրա»:
Այսպիսի ձեւակերպումներով փորձ է արվում ռազմավարության սկզբունքորեն անընդունելի դրույթների եւ բացերի համար պատասխանատվությունը բարդելու նաեւ նշված սուբյեկտների վրա՝ առանց նշելու այդ խմբերի ներկայացրած սկզբունքային առարկությունների մասին եւ տպավորություն ստեղծելով, որ փաստաթղթի անընդունելի եւ հակասահմանադրական դրույթները համընկնում են նշված կողմերի տեսակետներին։ Հարկ է նշել, որ ԱՃԹՆ (Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության) բազմաշահառու խմբի քաղաքացիական հասարակության խմբակցությունը հայտարարությամբ հրաժարվել է անգամ հաջորդիվ աշխատանքային հանդիպումներին մասնակցելուց, քանի որ իրենց սկզբունքային մոտեցումները հետեւողականորեն չեն հարգվում, եւ այդ գործընթացին մասնակցությամբ նրանք ընդամենը լեգիտիմացնում են նախագիծը մշակող աշխատանքային խմբի անընդունելի մոտեցումները։ Այսօրինակ վարքագիծը թույլ չի տալիս ռազմավարության տեքստում նշել, թե այն մշակվել է տարբեր շահառուների մասնակցությամբ։ Ավելին՝ դա բացարձակ անթույլատրելի է այսպես կոչված «սոցիալական լիցենզիա» ստանալու համար, որը նախագիծը մշակող աշխատանքային խումբը համարել է կարեւոր առաջնահերթություն։
Փաստաթղթի մշակման գործընթացը եւ պատասխանատուների շրջանակը
Այսպիսով՝ արձանագրենք, որ այս նախագիծը մշակվել է Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ, ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության (ի դեմս Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի) մշակած տեխնիկական առաջադրանքի հիման վրա։ Բուն նախագիծը մշակել են գերազանցապես հանքարդյունաբերության ոլորտում գործող կազմակերպությունները եւ անհատ մասնագետները։ Համաշխարհային բանկի կայքից տեղեկանում ենք նաեւ, որ իրավական հարցերով խորհրդատվություն է տրամադրել «Տեր-Տաճատյան իրավաբանական եւ բիզնես խորհրդատվական» ընկերությունը։ Այսպիսով, ի թիվս փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակի, թվարկված ցանկը ներառում է ռազմավարության նախագծի մշակմանն ու հաստատմանը անմիջականորեն ներգրավված սուբյեկտներին, որոնց հետ առաջիկայում անհրաժեշտ է քննարկել ներկայացված փաստաթուղթն արմատապես վերանայելու եւ այն ընդունելի տեսքի բերելու հարցերը։ Կարծում եմ՝ պատասխանատուների ցանկում իմաստ չկա նշելու փաստաթուղթը մշակող կազմակերպություններին եւ անհատ մասնագետներին, քանի որ նրանք պարզապես հանքարդյունաբերության ոլորտի ներկայացուցիչներ են:
Խնդիրն ավելի խորքային է՝ որքանով է այդ փաստաթուղթը ներկայիս տեսքով ընդունելի ոլորտի կանոնակարգման համար շահագրգռված դերակատարների համար (Հայաստանի Կառավարություն, Համաշխարհային բանկ եւ այլ)։
Ընդ որում՝ պատասխանատուների շրջանակ ասելիս ամենեւին չպետք է դա հասկանալ դատապարտող կոնոտացիայով, որքան էլ այսօրվա տեսքով փաստաթուղթն անընդունելի լինի։ Խնդիրը նրանցից յուրաքանչյուրի անելիքը արձանագրելն է փաստաթուղթը վերջնական խմբագրելու եւ հաստատելու իմաստով։ Պետք է հասկանալ, որ հանքարդյունաբերության ոլորտը կարգավորող ռազմավարությունն այն փաստաթուղթը չէ, որը կարելի է նեղ խմբով «գլուխ բերել» եւ հանրային կարծիքին հակառակ «անցկացնել»։ Փաստաթղթի ընդունմանը պետք է հաջորդեն դրանից բխող օրենսդրական փոփոխությունները եւ դրանց իրագործումը։ Ինձ հետաքրքիր է, օրինակ, լսել պետական մարմինների ներկայացուցիչների դիրքորոշումները, թե ինչպես է պետությունը մասնավորից խլելու նրա հողը եւ ընդերքօգտագործման իրավունքի հետ տրամադրելու հանքարդյունաբերող ընկերություններին, եւ ինչ պատասխանատվություն է պետության համար ենթադրվում այդ գործողությունը պատշաճ եւ ժամանակին չիրականացնելը։ Հետաքրքիր է նաեւ լսել փաստաթղթի մշակման աշխատանքներին ներգրավված իրավաբանական ընկերության դիրքորոշումը այս դրույթների սահմանադրականության եւ «միջազգային լավագույն փորձի» համապատասխանության առումով։
Այսպիսով՝ այս փուլում, երբ նախագծի վերջնական տարբերակը ներկայացվել է փոխվարչապետի գրասենյակին՝ հավանաբար վերջնական հաստատման համար, վերջինս այս փաստաթղթի առաջնային հասցեատերն է։ Թեեւ այս փաստաթղթի համար ռազմավարական էկոլոգիական գնահատում իրականացնելը օրենսդրական պահանջ է, որը պետք է ուղեկցվի հանրային քննարկումներով, այնուհանդերձ, առողջ հանրային մթնոլորտ ձեւավորելու համար խիստ անհրաժեշտ է նաեւ նախքան այդ կազմակերպել նախագծի վերաբերյալ հանրային քննարկումներ, ինչի վերաբերյալ փոխվարչապետի գրասենյակին արդեն իսկ ներկայացվել է համապատասխան դիմում՝ ծավալուն հիմնավորումներով։ Նախագիծն առանց պատշաճ մասնագիտական գնահատման հաստատելու դեպքում փոխվարչապետի գրասենյակն ապրիորի ստանձնելու է նախագծում առկա բոլոր թերությունների համար հիմնական պատասխանատվություն։ Նշեմ նաեւ, որ դեռեւս նախագծի մշակման վաղ փուլում քննարկում կազմակերպելու համար մի դիմում էլ ներկայացվել է Կառավարության՝ Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության (ԱՃԹՆ) քարտուղարությանը, որը դեռ չի կազմակերպվել, թեեւ չնայած բոլոր ողջամիտ ժամկետներն արդեն սպառվել են։
Նախագծի համար պատասխանատուներից է նաեւ Համաշխարհային բանկի Երեւանի գրասենյակը, իսկ որոշ հարցերով (օրինակ՝ շահագրգիռ կողմերի ներգրավման եւ աշխատանքի որակի վերաբերյալ)՝ նաեւ կենտրոնական գրասենյակից կցված մասնագետները։ Վերջիններիս հետ պետք է քննարկել, թե որքանով են իրենց կողմից ֆինանսավորված եւ իրենց կողմից վերահսկվող ծրագրի արդյունքները համապատասխանում Համաշխարհային բանկի պարտադիր չափանիշներին։ Քննարկման ընթացքում հետաքրքիր կլինի լսել, թե Համաշխարհային բանկի ներկայացուցիչներն ինչպես են գնահատում մշակված փաստաթղթի համարժեքությունը իրենց «Կլիմայի փոփոխության գործողությունների ծրագիր 2021-2025» ֆունդամենտալ փաստաթղթին, բնապահպանական օրենսդրության դրույթները թուլացնելու արգելքին, սեփականության իրավունքի սահմանափակման եւ այլ ստանդարտացված հիմնադրույթներին։ Քննարկման է ենթակա նաեւ այն, թե ռազմավարության նախագծում որքանով են հաշվի առնվել Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորված եւ այս փաստաթղթի մշակման գործընթացին նախորդած հետազոտությունների արդյունքները։ Մասնավորապես, ռազմավարության մշակման այս գործընթացին՝ Armenia Mineral Sector Policy II (P173686) նախորդել է նույն՝ Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորված մեկ այլ գործընթաց`Armenia Mineral Sector Policy (P163060), որի շրջանակում 2017-2020 թվականների ընթացքում մշակվել է ամփոփ փաստաթուղթ բնապահպանական եւ հանրային առողջության վրա ազդեցությունների վերաբերյալ։ Ավելին՝ այդ փաստաթղթում տեղ գտած խորքային հետեւությունները պետք է հիմնավոր կերպով օգտագործվեին հաջորդ փուլերում, այսինքն՝ քննարկվող ռազմավարության նախագծում, որի մասին ուղղակիորեն նշված է Համաշխարհային բանկի ծրագրային հաշվետվություններում։
Այս իրավիճակում հատկապես կարեւոր է քննարկել, թե ինչպես կարող էր հանքարդյունաբերության հետ փոխկապակցված հանրային առողջության հիմնահարցը ոլորտի համար պատասխանատու գերատեսչության կողմից ներկայացված տեխնիկական առաջադրանքում չներառվել, եւ ինչպես կարելի է այս բացը լրացնել։ Սա էլ անհրաժեշտ է քննարկել ՀՀ տարածքային կառավարման նախարարության մասնագետների հետ։ Արձանագրենք, որ ռազմավարության նախագծի հեղինակ կազմակերպության ներկայացուցիչները նշել են, որ հանրային առողջության հարցերը իրենց տեխնիկական առաջադրանքում չկան, ուստի իրենք չեն կարող հանգամանալից վերլուծություն կատարել այդ հարցերի վերաբերյալ։ Արդյունքում, այս առաջնահերթ հիմնախնդրի վերաբերյալ չեն արվել միջազգային փորձը եւ տեղական համատեքստը ներկայացնող խորքային վերլուծություններ՝ բավարարվելով միայն խնդրի վերաբերյալ մակերեսային հիշատակումներով։
Թվարկված հարցերը լեգիտիմ հիմք են, որպեսզի նախքան ռազմավարության նախագիծը հաստատելը կամ դրա վերաբերյալ դիրքորոշում կազմելը փոխվարչապետի գրասենյակը առնվազն կազմակերպի մասնագիտական հանրային քննարկում եւ լիարժեք պատկերացում ձեւավորի իր հաստատմանը ներկայացված փաստաթղթում փոփոխությունների եւ լրացումների անհրաժեշտության վերաբերյալ։ Եվս մեկ անգամ արձանագրենք, որ այդպիսի միջոցառում անցկացնելու վերաբերյալ դիմումը ներկայացվել է փոխվարչապետի գրասենյակ։
Այս հոդվածով կարելի է ամփոփված համարել հանքարդյունաբերության ոլորտի զարգացման ռազմավարության վերաբերյալ հոդվածների շարքը, որոնց համադրումը բավականին ամբողջական պատկեր է տալիս նախագծի բովանդակության եւ այն մշակելու գործընթացի համատեքստի վերաբերյալ։ Այսպիսով, եթե անգամ նախագիծն այսպիսի տեսքով ընդունվի, այս շարքը կլինի ամուր փաստարկման բազա այն ներպետական եւ միջազգային հարթակներում վիճարկելու համար ինչպես բովանդակային հարցերի, այնպես էլ ընթացակարգային խախտումների առումով։ Որեւէ մեկը չի կարող ասել, որ այլ շահագրգիռ կողմերը նախագծի վերաբերյալ առարկություններ չեն ներկայացրել․ թող ներկայացնեին, իրենք էլ հաշվի կառնեին։ Այս նախագիծը կա՛մ պետք է հիմնովին վերափոխել, կա՛մ մշակել նորը, որը կլինի հավասարակշռված եւ առկա մարտահրավերների նկատմամբ կենսունակ փաստաթուղթ։
Արթուր Գրիգորյան
Սույն հոդվածը հրապարակվում է «Էկոլոգիական իրավունք» հասարակական կազմակերպության եւ Հայնրիխ Բյոլ hիմնադրամի Հարավային Կովկասի տարածաշրջանի երեւանյան գրասենյակի հետ համագործակցությամբ իրականացվող ծրագրի շրջանակում:
Սույն հրապարակման բովանդակության համար պատասխանատու է միայն հեղինակը, եւ այն որեւէ կերպ չի կարող ընկալվել որպես Հայնրիխ Բյոլ հիմնադրամի Հարավային Կովկասի տարածաշրջանի երեւանյան գրասենյակի տեսակետ։