ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը սեպտեմբերի 20-ին ընդունել է Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպան Լին Թրեյսիին եւ դեսպանատան ներկայացուցիչներին:
Դեսպան Թրեյսին հատուկ շնորհակալություն է հայտնել Պաշտպան Գրիգորյանին ու Պաշտպանի աշխատակազմին այս օրերին կատարած մեծածավալ եւ օգտակար աշխատանքի համար։
Քրիստիննե Գրիգորյանը դեսպանին թարմ տեղեկություններ է հայտնել Հայաստանի վրա ադրբեջանական հարձակման հետեւանքով քաղաքացիական բնակչությանն ու քաղաքացիական ենթակառուցվածքներին հասցված վնասների, միջազգային հումանիտար իրավունքով արգելված այլ արարքների վերաբերյալ։
Պաշտպանը նաեւ անդրադարձել է հայ ռազմագերիների ու զոհված զինծառայողների նկատմամբ ադրբեջանական զինծառայողների հանցագործություններին ու դրանք ծնող պատճառներին՝ ադրբեջանական պետության վարած հայատյացության համակարգային քաղաքականությանը։
Գրիգորյանը նաեւ դեսպանին է փոխանցել սեպտեմբերի 16-ի ՄԻՊ-ի արտահերթ զեկույցի տպագրված տարբերակը, որում վերլուծված են ադրբեջանական հարձակման ընթացքում եւ դրա հետեւանքով արձանագրված մարդու իրավունքների կոպիտ խախտման փաստերը։
ԱՄՆ դեսպանը հատկապես կարեւորել է, որ հարձակման առաջին իսկ օրերին Պաշտպանի հաստատությունը տեղեկություններ է տրամադրել գործընկերներին եւ պատշաճ ջանք է ներդրել հավաքված տվյալների ստուգման ուղղությամբ։
Քրիստիննե Գրիգորյանը նաեւ ներկայացրել է սեպտեմբերի 17-ին Գեղարքունիքի, Վայոց ձորի եւ Սյունիքի մարզերի՝ հարձակումից տուժած համայնքներ ՄԻՊ-ի փաստահավաք թիմերի կատարած այցերի հետեւությունները։