Գերմանական Deutsche Welle–ն հայտնել է, որ Ղրղզստանի եւ Տաջիկստանի անվտանգության մարմինների ղեկավարները երկու երկրների սահմանային իրադրության կայունացման շուրջ աշխատանքային փաստաթուղթ են ստորագրել։ Ղրղզական կողմից արձանագրությունը ստորագրել է Ազգային անվտանգության պետական կոմիտեի ղեկավար Քամչիբեկ Թաշիեւը, տաջիկական կողմից՝ Տաջիկստանի Ազգային անվտանգության պետական կոմիտեի ղեկավար Սայմումին Յաթիմովը։
Սահմանային իրավիճակը Ղրղզստանի եւ Տաջիկստանի միջեւ սրվել է սեպտեմբերի 14-ին՝ Բաթքենի շրջանի երեք տեղամասերում երկու երկրների սահմանապահների միջեւ փոխհրաձգություններից հետո։
Բիշկեքը մեղադրում է Դուշանբեին՝ սահմանագոտի ծանր զինտեխնիկա տեղափոխելու, «ունեցած ամբողջ զինանոցը գործի դնելու» եւ ղրղզական տարածքները զավթելու նպատակով կրակ բացելու համար։ Ղրղզստանի ԱԻՆ-ը հայտնել է, որ Բաթքենի շրջանից տարհանվել է 136 հազար մարդ։ Շրջանում մտցվել է արտակարգ դրության ռեժիմ։
Դուշանբեն էլ իր հերթին մեղադրել է Բիշկեքին «ծանր զինատեսակներով» մի շարք սահմանամերձ տաջիկական բնակավայրեր գնդակոծելու համար։
Բախումներ եւ առճակատումներ երկու երկրների սահմանին մշտապես տեղի են ունենում, քանի որ մոտ 70 տեղամասում սահմանը հստակեցված չէ։ Այս տարվա հուլիսի դրությամբ 972 կմ ձգվածությամբ սահմանից հստակեցման համար համաձայնեցված է 600 կմ-ը։
Սահմանային ներկա առճակատման հետեւանքով ղրղզական կողմից սպանվել է այդ երկրի 59 բնակիչ, վիրավորվել՝ 183 մարդ։ Տաջիկական կողմից, ըստ այդ երկրի ԱԳՆ-ի տարածած հայտարարության, սեպտեմբերի 14-18-ը սահմանային իրավիճակի սրացման հետեւանքով սպանվել էր 33 մարդ, նրանց թվում՝ կանայք եւ երեխաներ։ Վիրավորվել էր 23 մարդ։
Պատրաստեց Արման Գրիգորյանը