51 տարեկան Ալվարդ Ստեփանյանը դստեր եւ քույրերի հետ սեպտեմբերի 13-ին մեծ դժվարությամբ է կարողացել հեռանալ Ջերմուկից: Երկու օր առաջ, սակայն, նա ստիպված է եղել գիշերը վերադառնալ՝ իր լքված բնակարանից վերցնելու դստեր` հաշմանդամություն ունեցող 14-ամյա Եվայի հատուկ՝ օրթոպեդիկ կոշիկները:
Ալվարդն ասում է՝ կրակոցներն ու պայթյունները բոլորին էին անակնկալի բերել. «Ամսի 13-ի գիշերը կրակոցներ սկսվեցին, բոլորը սկսեցին գոռալ` իջե’ք նկուղներ: Եվային արթնացրի, ընկավ ցնցումների մեջ, մի կերպ իջանք նկուղ: Ուշ գիշերը մեր ծանոթներից մեկը մեքենայով եկավ, մեզ տեղափոխեց Գնդեվազ` քրոջս տուն, որտեղ արդեն մեր բոլոր բարեկամներն էին հավաքվել: Վաղ առավոտյան բոլորս շարժվեցինք Արտաշատ»:
Երեք քույրերն ու նրանց երեք երեխաները դեռ չգիտեն, թե երբ կկարողանան տուն վերադառնալ: «Այսօր Ջերմուկում մնացած մեր բարեկամի հետ խոսեցինք, հարցրինք` կարող ենք գալ, ասաց` մնացե՛ք տեղում: Նախ եկանք ու մի քանի օր մնացինք մի բարեկամի տարածքում, որը ավտոտնակի պես մի տեղ էր, բայց երեխաների, առավել եւս հիվանդ երեխայի հետ այնտեղ այլեւս հնարավոր չէր մնալ: Մեկ այլ բարեկամ թույլ տվեց, որ իր փոքր բնակարանում մնանք: Հիմա այստեղ ենք»,- պատմում է Ալվարդը:
Ալվարդ Ստեփանյան. «Եղածը շատ անսպասելի էր: Ծանր ու դժվար կյանք ապրած մարդ եմ, բայց չէի պատկերացնում,
որ հիվանդ երեխայիս հետ մի օր պատերազմից եմ փախչելու»:
Ջերմուկից հեռանալիս Ստեփանյաններն ինը հոգով տեղավորվել էին փոքր մեքենայի մեջ:
Ալվարդ Ստեփանյան. «Եվայիս անվասայլակը չկարողացանք բերել: Այստեղ՝ վերականգնողական կենտրոնում, մեզ սայլակ տրամադրեցին»:
Նույն ժամանակավոր բնակարանում այժմ ապրում են նաեւ 35-ամյա Քրիստինե Ստեփանյանը` իր 9 եւ 5 տարեկան որդիների հետ,
եւ 45-ամյա Աննա Ստեփանյանը:
Քրիստինե Ստեփանյան. «Երեխաներին չենք կարողանում ասել, թե դեռ ինչքան այս պայմաններում կապրենք»:
Ալվարդ Ստեփանյան. «Երեխայիս հատուկ կոշիկների համար կյանքս վտանգեցի, բայց ցանկացած մայր պարտավոր էր դա անել»:
«Մեր չորրորդ քույրն այժմ Վայքում է: Նրա որդին պատերազմի հետեւանքով հաշմանդամ է դարձել, այդ վիճակում Ջերմուկում օգնում է,
տարբեր աշխատանքների է մասնակցում»:
Երկու օրից ընտանիքի ամենափոքր անդամի` Գեւորգի ծնունդն է:
Կանայք նախատեսում են առաջիկայում բնակարան վարձել, բայց մատչելի տարբերակ դեռեւս չեն կարողանում գտնել:
Ալվարդ Ստեփանյան. «Գիտենք, որ հիմա Ջերմուկի բնակիչներից քաղաքում միայն մի քանի տղամարդ է մնացել,
որոնք հսկում են շենքերը, որ հանկարծ չթալանեն»:
«Հույս ունենք, որ մինչեւ մեր տներ վերադառնալը կկարողանանք երեխաների համար նորմալ պայմաններ ապահովել»:
«Հիմա նրանք ամբողջ օրը տանն են, պատրաստ չեն դուրս իջնելու, այլ երեխաների հետ շփվելու»:
Ալվարդ Ստեփանյան. «Քրոջս`Աննայի որդին, հիմա առաջնագծում է: Մի քանի օր նրանից լուր չկար, երկու օր առաջ զանգեց: Արդեն խելագարվում էինք»:
«Եթե մենակ լինեի, տնից դուրս չէի գա: Չէի ուզում Ջերմուկը լքել: Բայց երեխայի հետ ես պատասխանատվություն ունեմ, նա իմ կարիքն ունի»:
Լրագրող, լուսանկարիչ, Խոսքի ազատության մրցանակի դափնեկիր։ Մասնակցել է լուսանկարչական ցուցահանդեսների ՄԱԿ-ի կենտրոնակայանում (Նյու Յորք) եւ ժնեւյան գրասենյակում, Եվրոպայի պալատում (Ստրասբուրգ), Փարիզում, Հռոմում, Բեռլինում, Վիեննայում եւ այլուր։