Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերթական հանդիպումն է ունեցել արտախորհրդարանական քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ։
Եթե անկեղծ, ապա այդ հանդիպումների շարքի մասնակիցների մասին խոսելիս «քաղաքական ուժ» կամ «կուսակցություն» տերմինն օգտագործելը չափազանց մեծ շռայլություն է։ Գաղտնիք չէ, որ վարչապետի հետ հանդիպումների մասնակիցներն իրականում «մարդ կուսակցություններ» են, որոնք «կուսակցություն» հասկացության հետ առնչվում են այնքանով, որքանով գրանցված են ՀՀ արդարադատության նախարարության պետական ռեգիստրում, ունեն անվանում, հաշվառման համար, կնիք եւ ամենակարեւորը՝ ղեկավար։
Այս շարքում բացառություն է Տիգրան Արզաքանցյանի «Ուժը հայրենյաց» կուսակցությունը, որը երկու անգամ հիմնադիր համագումար անցկացրեց եւ այդպես էլ դեռ պաշտոնական գրանցում չի ստացել պետռեգիստրում։ Բայց այդ հանգամանքը չի խանգարել, որ պաշտոնական հաղորդագրություններում Արցաքանցյանը մշտապես ներկայացված լինի որպես կուսակցության ղեկավար։
Դե իսկ Փաշինյանի մոտ հանդիպման գնացածների մասին «քաղաքական ուժ» բառն օգտագործելը, ինքներդ եք հասկանում, պարզապես ավելորդ է։ Համենայն դեպս դժվար է «քաղաքական ուժ» համարել միավորումներին, որտեղ երկրորդ, որոշ դեպքերում՝ երրորդ մարդու գտնելն անհնար է։ Դժվար է քաղաքական ուժ համարել միավորումներին, որոնց միակ առաքելությունը քաղաքական դաշտն աղմուկով լցնելը կամ հնարավորինս անլրջացնելն է, իսկ պատեհ ժամին իշխանության քաղաքական հակառակորդներին դեմ նետվելը՝ նրանց դեմ պայքարի «սուրբ գործով» զբաղվելը։ Ուրիշ առաքելություն, թերեւս, դժվար է սպասել «կուսակցություններից», որոնցում հազիվ մեկ «Ժիգուլու» ուղեւորների թվով մարդիկ են հավաքված։ Էլ չասած մտքի եւ գաղափարների իսպառ բացակայության մասին։
Չնայած սրան՝ արտախորհրդարանական այդ «մարդ կուսակցությունների» հետ հանդիպման ձեւաչափն իշանությունների թեթեւ ձեռքով լեգիտիմություն է ստացել, ինստիտուցիոալ հիմքերի վրա դրվել։ Այս ձեւաչափը գործում է մեկ տարուց ավելի։ 2021-ի խորհրդարանական ընտրություններից հետո Փաշինյանը հայտարարեց ԱԺ չանցած ուժերի հետ պարբերաբար հանդիպումների շարք նախաձեռնելու եւ այդ ձեւաչափն այլընտրանքային քաղաքական հարթակի վերածելու անհրաժեշտության մասին։ Արդեն հուլիսի 24-ին առաջին նիստն անցկացվեց․ ի դեպ մասնակիցների կազմը պարբերաբար փոխվում է, թեեւ կան նաեւ այնտեղ «մշտական» ունեցողներ։
Զարմանալին այն է, որ արտախորհրդարանական ուժերի հետ հանդիպումները մշտապես հաջորդում (որոշ դեպքերում նախորդում) են Անվտանգության խորհրդի նիստերին։ Այդպես էր նաեւ այս անգամ․ սեպտեմբերի 19-ին ԱԽ նիստ էր անցկացվել, արդեն ամսի 20-ին կայացավ հանդիպումը։ Մի հանգամանք, որ, մեղմ ասած, տարակուսանք է հարուցում՝ հաշվի առնելով, թե ովքեր են հանդիպումների մասնակիցները։
Ի դեպ, Նիկոլ Փաշինյանն այս հարցում ամենեւին էլ «աննախադեպ» չէ․ Սերժ Սարգսյանն էլ 2008-ի մարտիմեկյան իրադարձություններից հետո փորձեց հասարակությանն ու քաղաքական դաշտին համախմբողի դերում հանդես գալ․ նա կուսակցությունների նախագահների հետ մի քանի խորհրդակցություն–հավաք անցկացրեց՝ ԼՂ հիմնախնդրի, հայ–թուրքական ֆուտբոլային դիվանագիտության եւ համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի թեմաներով։ Բայց այդ ձեւաչափը շատ արագ սպառեց իրեն․ այն ժամանակվա քաղաքական դաշտի հիմնական դերակատարները՝ Հայ ազգային կոնգրեսը, դրանում ընդգրկված կուսակցությունները, Ժառանգությունը չմասնակցեցին հանդիպումներին, եւ Սերժ Սարգսյանն էլ մարդ կուսակցությունների եւ իր հետ կոալիցիոն համագործակցության մեջ գտնվող ուժերի հետ երեք–չորս անգամ հանդիպելուց հետո դադարեցրեց անիմաստ ժամավաճառությունը։
Փոխարենը Ռոբերտ Քոչարյանն էր ժամանակին փորձում ինստիտուցիոնալ հիմքերի վրա դնել նման շփումները․ անգամ 1998–ի հունիսին նա Նախագահին առընթեր քաղաքական խորհուրդ ստեղծելու հրամանագիր էր ստորագրել, հաստատել կանոնադրությունն ու աշխատակարգը։ Նա այդ խորհրդի կազմում խորհրդարանական եւ արտախորհրդարանական ուժերին էր ընդգրկել, բայց մեկ տարի անց արդեն՝ 99-ի հունիսին, չեղարկեց հրամանագիրը։
Հիմա, փաստորեն, Նիկոլ Փաշինյանը կրկնում է Ռոբերտ Քոչարյանի քայլերը սեփական մեթոդներով։ Իզուր չէ, որ մշտապես խոսվում է նրանց իշխանությունների հարազատության մասին։ Հետաքրքիր է՝ Նիկոլ Փաշինյանը որքան կշարունակի այս ժամավաճառությունը։
Լրագրող եմ, բանասիրական գիտությունների թեկնածու, լրագրության դասախոս: Գրում եմ քաղաքականության եւ տնտեսության մասին: Հետաքրքրություններիս շրջանակում՝ քաղաքագիտություն, փիլիսոփայություն, պատմություն: Ափսոսում եմ, որ միաժամանակ նկարչական պրոֆեսիոնալ կրթություն չեմ ստացել: