Գերմանական Deutsche Welle պարբերականը հայտնել է, որ Ռուսաստանի խորհրդարանի ստորին պալատը՝ Պետական Դուման, երկրորդ եւ երրորդ ընթերցումներով ընդունել է օրենք, որը նախատեսում է խիստ պատիժներ զորահավաքի, ռազմական ժամանակահատվածի եւ ռազմական դրության ժամանակ խախտումների համար։
Նոր օրենքով լրացվել է ՌԴ քրեական օրենսգիրքը՝ այնտեղ ներմուծելով «զորահավաք», «ռազմական ժամանակահատված» եւ «ռազմական դրություն» հասկացությունները։ Ակնկալվում է, որ այս փոփոխությունը, ինչպես եւ ռազմական գրաքննության մասին օրենքը, շատ արագորեն հավանության կարժանացնի խորհրդարանի վերին պալատը՝ Դաշնային խորհուրդը, եւ կստորագրի նախագահ Վլադիմիր Պուտինը։
Ըստ ՌԴ ՔՕ-ում իրականացված փոփոխությունների՝ «Կամավոր գերի հանձնվելը (հոդված 352․1) եւ «Կողոպուտը» (հոդված 356,1) պատժվում են համապատասխանաբար 10 եւ 15 տարվա ազատազրկմամբ, եթե պետական դավաճանության հատկանիշներ չկան։
Բացի դրանից՝ խստացվել է նաեւ ռազմական ժամանակահատվածում կամ զորահավաքի ժամանակ զորամասի ինքնակամ լքման մասին հոդվածը (հոդված 337)։ Այժմ նման գործողությունը պատժվում է մինչեւ 10 տարվա ազատազրկմամբ։ Մարտնչելուց հրաժարվելը պատժվում է 2-3 տարվա ազատազրկմամբ։
Ռազմական ժամանակահատվածում պատրաստության համար կանչված քաղաքացիները, որոնք գտնվում են պահեստազորում, եթե չներկայանան առաջին իսկ կանչի դեպքում կամ դասալքեն, ժամկետային զինծառայողների ու պայմանագրայինների հետ հավասար ենթակա կլինեն քրեական պատասխանատվության։
Քրեական պատասխանատվություն է սահմանվում նաեւ պետական պաշտպանական պատվերները չկատարելու կամ պետական պայմանագրի դրույթները խախտելու համար։
Ռուսական քրեական օրենսգրքի այս փոփոխությունները կարող են ուժի մեջ մտնել արդեն սեպտեմբերի 21-ին։
Պատրաստեց Արման Գրիգորյանը