Ըստ գերմանական Deutsche Welle պարբերականի՝ Գերմանիայում Uniper էներգետիկ կոնցեռնը կազգայնացվի։ Այս առնչությամբ անցկացվող բանակցությունները մոտ են ավարտին։
Նախատեսված գործողությունների ծրագրով՝ գերմանական դաշնային կառավարությունը Uniper ընկերությունում 8 միլիարդ եվրո կներդնի եւ կգնի ֆիննական Fortum ընկերության մասնաբաժինը։
Գերմանական դաշնային կառավարությունն այս քայլին դիմում է էներգետիկ ճգնաժամի՝ ռուսական գազի մատակարարումների ծավալների էական կրճատման պայմաններում։ Բանակցությունները թեւակոխել են վերջնական փուլ եւ առաջիկայում Uniper էներգետիկ հսկայի ազգայնացման գործարքը կավարտվի։
Ֆիննական Fortum-ին են պատկանում գերմանական ընկերության բաժնետոմսերի 78 տոկոսը։ Գերմանիայի կառավարությունը այս բաժնետոմսերի գնումից բացի ֆիննական կողմին վերադարձնելու է նախկինում Uniper-ում արված ֆինանսական հատկացումները։ Reuters-ն էլ հայտնում է, որ թեեւ վերջնական պայմանագիրը դեռ կնքված չէ, սակայն կարող է ներկայացվել արդեն սեպտեմբերի 21-ին։
Պատրաստեց Արման Գրիգորյանը