ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն «Россия 24» հեռուստաալիքի եթերում հայտարարել է, որ Ուկրաինայում «հատուկ ռազմական գործողության» ընթացքում Ռուսաստանի կորուստների թիվը 5 հազար 937 է։ Իսկ ուկրաինական կողմի զոհերն ու վիրավորները, ըստ Շոյգուի, շուրջ 100 հազար են։
«Սկզբնական փուլում Ուկրաինայի զինված ուժերի թիվը 201-202 հազար է, այս ընթացքում նրանց կորուստները գերազանցել են 100 հազարը։ Նրանցից 61 հազարը 207–ը զոհվել է, 49 հազար 368–ը` վիրավորվել։ Բանակի գրեթե կեսը կորսված է»,- ասել է Շոյգուն։
Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբն իր հերթին ամփոփել է հակառակորդի կորուստները սեպտեմբերի 20-ի դրությամբ։ Ուկրաինայի զինուժը պատերազմի ամբողջ ընթացքում ոչնչացրել է ՌԴ ԶՈՒ մարտական մեքենաների եւ ավտոցիստեռների 3610 միավոր, հատուկ ռազմական տեխնիկայի 125 միավոր, 1340 միավոր հրետանային համակարգ, 4748 միավոր զրահամեքենա, 168 միավոր ՀՕՊ համակարգ, օպերատիվ-մարտավարական մակարդակի 654 միավոր ԱԹՍ, 2227 տանկ, 15 ռազմանավ (եւ մոտորանավ), 217 ռազմական ուղղաթիռ, 253 ռազմական ինքնաթիռ, 239 միավոր թեւավոր հրթիռ եւ շուրջ 55 հազար 110 ռուսաստանցի զինվորական։
Ըստ Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի՝ ռուսական ուժերն առավել մեծ կորուստներ են կրել Դոնեցկի ուղղությունում։