Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ խաղաղության, երջանկության եւ բարգավաճման բարեմաղթանքներով շնորհավորել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանին, ինչպես նաեւ բարեկամ հայ ժողովրդին: Ֆրանսիայի նախագահը նշել է, որ երկու երկրների միջեւ բարեկամությունը հին է եւ ամուր։ «Մենք օրինակելի համագործակցություն ենք զարգացնում բոլոր ոլորտներում»,- ասել է նա:
Էմանուել Մակրոնը շեշտել է, որ Հայաստանը կարող է ապավինել Ֆրանսիայի լիակատար աջակցությանը ժողովրդավարության եւ օրենքի գերակայության ամրապնդմանն ուղղված իր ջանքերում։ Ֆրանսիան հաստատակամ է շարունակելու իր գործունեությունը հօգուտ տարածաշրջանում կայունության, խաղաղության եւ բարգավաճման։
«Մենք վճռականորեն օժանդակում ենք Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացին եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտությանն առնչվող եւ դրանից բխող հարցերի կարգավորմանը»,- ընդգծել է Ֆրանսիայի նախագահը։
Մակրոնը շեշտել է, որ Ֆրանսիան իր աջակցությունն է ցուցաբերում ի նպաստ Եվրամիության ջանքերի՝ առաջ մղելու կողմերի միջեւ երկխոսությունը՝ միաժամանակ մնալով լիովին հանձնառու Մինսկի խմբի համանախագահի իր դերում։
«Այս առումով կարող եք ապավինել նաեւ իմ անձնական հանձնառությանը՝ ի շահ մեր ժողովուրդների»,- նշված է ուղերձում։