Հայերիս մեջ տպավորություն կա, թե աշխարհն իր գործը թողած զբաղված է մեզ խաբելով։ Խրիմյան Հայրիկից մինչեւ Լեո ու մինչեւ մեր օրեր կրկնել ու կրկնում ենք՝ Եվրոպան մեզ խաբեց։ Ավելի ուշ ծնվեց՝ Ռուսաստանը մեզ խաբեց/խաբում է տարբերակը:
Ռուսաստանն, իրականում, մեզ ոչ թե խաբել, այլ անթաքույց օգտագործել ու օգտագործում է Հարավային Կովկասում ունեցած իր դիրքը պահպանելու եւ ամրապնդելու նպատակով։ Այս երկիրն իր իմացած ու իրեն յուրահատուկ ձեւերով իր սեփական շահերն է սպասարկում։ Մենք ենք մեղավոր, որ այդ անթաքույց խաղը չենք նկատել կամ նկատել, բայց չնկատելու ենք տվել։ Այսօր էլ ենք, մեր ցավոտ կորուստներից ու Ռուսաստանի բացահայտ դիրքորոշումից անկախ, չնկատելու տալիս ու համոզում մեզ, թե Ռուսաստանով է միայն պայմանավորված մեր անվտանգությունը։
Արեւմուտքը տարբերվում է Ռուսաստանից։ Նրանց ոճն այլ է։ Նրանք հեռու են եւ Հարավային Կովկասում համեմատաբար քիչ ունեն կենսական շահեր։ Օսմանյան կայսրության փլուզման փուլում, ի տարբերություն Ռուսաստանի, մեզ աջակցելու նրանց ցանկություններն ազնիվ էին։ Ալեքսանդր Խատիսյանը, Քաջազնունին ու ժամանակի այլ գործիչներ իրենց հիշողություններում սա շատ հստակ են արձանագրել։
Այլ է, որ մենք այդ աջակցությունը ճիշտ օգտագործել չկարողացանք։ Մեր առջեւ չափազանց մեծ խնդիր դրեցինք, կորցրինք իրականության զգացումը, չկարողացանք տեսնել, թե ինչպես է ուժերի դասավորությունը փոխվում մեր շուրջը։ Չնկատեցինք, որ Ռուսաստանում ավարտվել է քաղաքացիական պատերազմն, ու այդ երկիրը սկսել է կայսրության ամրապնդման, վերականգնման ու կորցրածը հետ բերելու գործը։ Զուգահեռ՝ Օսմանյան կայսրության փլատակների տակից քեմալական Թուրքիան է ոտքի կանգնում, ամրանում ու, որ շատ ավելի կարեւոր է, Ռուսաստանի հետ ընդդեմ Արեւմուտքի դաշինք է կազմում։ Մենք սրանք չէինք տեսնում։ Ոգեւորված էինք Արեւմուտքի աջակցությամբ, Սեւրի դաշնագրով, Թուրքիային որպես 1918-1919 թվականների քանդվող մի երկիր էինք դիտարկում, որին պատերազմում կարող ենք հաղթել։ Արդյունքում՝ կորցրինք 60 000 քառ․ կմ տարածք ունեցող մեր երկրի կեսը։
1920-ի ավարտին ձեւավորված նոր իրողությունները՝ Թուրքիայի հզորացումը, Հայաստանի խորհրդայնացումն ու վերադարձը ռուսական կայսրություն չէին կարող չփոխել մեր նկատմամբ Եվրոպայի ունեցած ծրագրերը։ Սա բոլորովին չի նշանակում, թե Արեւմուտքը մեզ խաբեց։
Խոսել խաբվելուց նշանակում է խուսափել պատասխանատվությունից ու հրաժարվել սեփական սխալների գիտակցումից։ Մենք էինք պարտավոր տեսնել նոր զարգացումները, տեղավորվել դրանց համատեքստում ու կազմակերպել մեր քայլերը դրանց համապատասխան։ Այդ օրերին, սակայն, մենք ճիշտ այնպիսին էինք, ինչպիսին այսօր ենք։
Խատիսյանը մեր մեծ տապալումից ժամանակ անց արձանագրում է․ «Հայ ժողովուրդը, հանձին իր ղեկավար շրջանակների, մեծ սխալ գործեց՝ չափազանց մեծ պահանջներ առաջադրելով, առանց հաշվի առնելու իր ուժերը եւ միջազգային կարելիությունները»։
Բոլորովին էլ պատահական չեն 1920 եւ 2020 թվականների մեր պարտությունների նմանությունները․ կրկնել ենք նույն սխալները եւ եղել ենք նույն մոլորությունների գերին։
Հետայսու մենք մեզ խաբված չենք զգա, եթե կարողանանք համադրել մեր ցանկությունները, մեր հնարավորությունները եւ Խատիսյանի ասած «միջազգային կարելիությունները»։ Եթե մեր պետության լինելիությունը գերնպատակ դարձնելով՝ հստակ պատկերացնենք մեր տեղը տարածաշրջանում ու աշխարհում։
Եթե ունենք հակառակորդներ, իսկ այդպիսիք մենք ունենք, ուրեմն պետք է ունենանք նաեւ դաշնակիցներ։ Մենք միայնակ չենք կարողանալու դիմակայել այն մեծ ուժին, որ թուրք-ադրբեջանական տանդեմ է կոչվում։ Միանշանակ ռուսամետ կամ միանշանակ արեւմտամետ ներկայանալու փոխարեն այս երկուսին մերժելու եւ «մեր հույսը միայն մեզ վրա» եւ հավերժական կռվի պատրաստվելու կոչով հանդես գալու փոխարեն մենք պետք է ունենանք հստակ ձեւակերպված խնդիրներ ու ճիշտ դաշնակիցներ, որոնք կաջակցեն մեզ ոչ թե մեր սիրուն աչքերի համար, ոչ թե որ հին ու առաջին քրիստոնյա ազգ ենք կամ որովհետեւ մեզ հավատարմության երդում են տվել, այլ ելնելով իրենց շահերից։
Դաշնակիցը չպետք է լինի հավերժ, ինչպես հայտարարում ենք Ռուսաստանի դեպքում։ Պատմության որոշակի հատվածում մեր ու հնարավոր դաշնակցի շահերն ընդամենը պետք է համընկնեն։ Աշխարհաքաղաքական ներկա զարգացումներում նման համընկնում կա Մինսկի խմբի երկու համանախագահ երկրների՝ ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի պարագայում։ Վերջին շրջանում հատկապես ԱՄՆ-ը ակտիվ ներգրավվածություն է ցուցաբերում։ Սա մեզ պետք է ուրախացնի։ Հայկական կողմը պետք է լինի չափազանց շրջահայաց ու նման հնարավորությունը ճիշտ օգտագործի, որպեսզի չկրկնվեն 1920-ի եւ 2020-ի աղետները։
Ամենամեծ աջակցությունը մեզ այսօր լինելու է այն, որ դաշնակիցը կամ դաշնակիցներն իրենց մասնակցությամբ զսպեն Ադրբեջանի ախորժակը, բացառեն նոր բախումների հավանականությունը եւ օժանդակեն, որպեսզի կայանա հայ-ադրբեջանական զրույցը։ Զրույց, որը պետք է հանգեցնի խաղաղության ու փակի հակամարտության ու պատերազմի էջը։
Իրավապաշտպան, հասարակական գործիչ` խորհրդային այլախոհի տպավորիչ կենսագրությամբ։ 2004-ին ստեղծել է «Իրավունքի եւ ազատության կենտրոնը», որի հիմնադիր ղեկավարն է։ Հրապարակել է հայ այլախոհության պատմությունը ներկայացնող երկու գիրք՝ «Այլախոհությունը խորհրդային Հայաստանում» եւ «Քաղբանտարկյալի պատմություն»։