ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնել են, որ սեպտեմբերի 21–ին Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը հանդիպումներ է ունեցել Շվեդիայի արտգործնախարար Անն Լինդեի, Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչի, Ցեղասպանության կանխարգելման հարցերով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ խորհրդական Ալիս Վաիրիմու Նդերիտուի, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կառավարիչ Սամանթա Փաուերի եւ Նիկարագուայի արտաքին հարաբերությունների նախարար Դենիս Մոնկադայի հետ:
Անդրադառնալով սեպտեմբերի 13-ից ՀՀ տարածքային ամբողջականության նկատմամբ Ադրբեջանի հարձակման մանրամասներին՝ Միրզոյանը ներկայացրել է Ադրբեջանի զինված ուժերի պատերազմական հանցագործությունները, մասնավորապես` կին զինծառայողների նկատմամբ անմարդկային վերաբերմունքի դեպքերը` ընդգծելով համապատասխան գնահատական տալու անհրաժեշտությունը։
Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչի հետ հանդիպման ժամանակ Հայաստանի արտգործնախարարը հայտարարել է, որ Ադրբեջանի գործողությունները բացահայտ արհամարհանք են միջազգային իրավունքի հիմնարար նորմերի եւ Եվրոպայի խորհրդի շրջանակում անդամ երկրների ստանձնած պատավորությունների նկատմամբ եւ պետք է համապատասխան հետեւանքներ ունենան։
Միրզոյանն անթույլատրելի է համարել քաղաքացիական բնակչության եւ ենթակառուցվածքների ադրբեջանական զինված ուժերի միտումնավոր թիրախավորման, հայ զինծառայողների եւ ռազմագերիների նկատմամբ անմարդկային վերաբերմունքի ու խոշտանգումների դեպքերը։
Հայկական կողմն ընդգծել է ՀՀ տարածքային ամբողջականության պահպանման, իրենց նախնական դիրքեր ադրբեջանական զորքերի վերադարձի, հայ ռազմագերիների անհապաղ հայրենադարձման, ինչպես նաեւ տարածաշրջանում կայունության վերականգնման եւ խաղաղության հաստատման անհրաժեշտությունը:
Միրզոյանը կարեւորել է միջազգային կազմակերպությունների՝ Լեռնային Ղարաբաղ անխափան մուտքի ապահովումը։ Նա հույս է հայտնել, որ Արցախի բնակչության հիմնարար իրավունքների պաշտպանության հարցում Եվրոպայի խորհուրդն առավել հաստատակամ եւ հետեւողական կլինի։