ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ՄԱԿ–ի ամբիոնից հայտարարել է, որ որեւէ երկիր ՌԴ–ին չի սպառնացել։ Նա մեղադրել է Մոսկվային ՄԱԿ–ի կանոնադրությունն անտեսելու եւ միջուկային սպառնալիք ստեղծելու համար։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ժողովրդին իր ուղերձում ասել է. «Նրանք, ովքեր փորձում են մեզ շանտաժի ենթարկել միջուկային զենքով, պետք է իմանան, որ քամիները կարող են շրջվել իրենց կողմը»։
«Ռուսաստանն անամոթաբար խախտել է ՄԱԿ-ի կանոնադրության հիմնական սկզբունքները… Ոչ ոք Ռուսաստանին չի սպառնացել, ոչ ոք նրա հետ կոնֆլիկտ չի փնտրել»,- ասել է Բայդենը։
Նա շեշտել է, որ ՌԴ առաջնորդի` Եվրոպային ուղղված միջուկային սպառնալիքներով հայտարարությունն անտեսում է միջուկային զենքը չտարածելու պարտավորությունները։
Ըստ Բայդենի` ԱՄՆ-ը մտադիր է սպառազինության հսկողությանն առնչվող միջոցներ ձեռնարկել` անկախ երկրում տիրող իրավիճակից։ ԱՄՆ նախագահը հավելել է, որ բոլոր երկրները պետք է հաստատեն իրենց համերաշխությունը միջուկային զենքը չտարածելու ռեժիմն ամրապնդելու հարցում։
«Անկախ նրանից, թե ինչ է կատարվում աշխարհում, ԱՄՆ-ը պատրաստ է ծայրահեղ կարեւոր միջոցներ ձեռնարկելու սպառազինության նկատմամբ վերահսկողություն հաստատելու համար»,- ասել է նա։
Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդում ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին էլ ABC հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է, որ ԱՄՆ-ը լուրջ է ընդունում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խոսքերը միջուկային զենքի մասին։
Քիրբին հավելել է, որ Պուտինի խոսքերը Վաշինգտոնում լուրջ են ընդունում։ «Որքան կարողանում ենք, հետեւում ենք նրանց ռազմավարական կոնֆիգուրացիային, որպեսզի ճշգրտենք մերը, եթե դրա անհրաժեշտությունը լինի: Ներկա պահին չենք տեսնում որեւէ նշան, որ դա անհրաժեշտ է»,– ասել է նա։
Սպիտակ տան պաշտոնյան զգուշացրել է, որ միջուկային զենքի Ռուսաստանի կիրառումը ծանր միջազգային հետեւանքներ կունենա այդ երկրի համար եւ համաշխարհային ասպարեզում նրան կվերածի «անտեսված անձի»։