Եվրոպական միության խորհուրդը որոշում է ընդունել արագացված կարգով 5 միլիարդ եվրո հավելյալ օգնություն հատկացնել Ուկրաինային։ ԵՄ ֆինանսների նախարարները օգնության հատկացմանը հավանություն էին տվել Պրահայում սեպտեմբերի 9-ին՝ ոչ պաշտոնական նիստի ժամանակ։
Հատկացված գումարը կուղղվի Ուկրաինայի մակրոֆինանսական կայունացմանը, երկրի կայունության անհապաղ ամրապնդմանը եւ վերականգնման կարողությունների աջակցմանը։ Այս քայլով Բրյուսելը ձգտում է ընդունելի մակարդակ ապահովելու Ուկրաինայի պետական պարտքի համար, որպեսզի Ուկրաինան ի վիճակի լինի մարելու իր ֆինանսական պարտականությունները։
Մակրոֆինանսական օգնությունը վճարվելու է արտոնյալ պայմաններով երկարաժամկետ վարկերի տեսքով։ ԵՄ-ն արդեն երկրորդ անգամ է բացառիկ մակրոֆինանսական օգնություն հատկացնում Ուկրաինային։ Ընդհանուր առմամբ նախատեսվում է հատկացնել ինը միլիարդ եվրո, որից առաջին փուլում Կիեւը ստացել էր մեկ միլիարդ եվրոն։
Հատկացումը կապահովի ԵՄ բյուջեն ռիսկերի ծածկման միջոցների հաշվին, ինչպես առաջին փուլում էր։
ԵՄ-ն հաջորդիվ որոշում կընդունի Ուկրաինային երրորդ մակրոֆինանսական օգնության՝ երեք միլիարդ եվրոյի տրամադրման մասին։ ԵՄ ֆինանսների նախարարների առաջիկա հանդիպմանն այդ հարցն ամենայն հավանականությամբ կլուծվի հրատապ կերպով։
Չեխիայի ֆինանսների նախարար Զբինեկ Ստանյուրան մանրամասնել է, որ այս հարցի համաձայնեցումից բացի պետք է հնարավորինս արագ հստակեցվի, թե մնացած երեք միլիարդ եվրոյի ո՛ր մասն է ձեւակերպվելու որպես արտոնյալ երկարաժամկետ վարկ, որը՝ որպես դրամաշնորհ։
Հիշեցնենք, որ ընթացիկ տարվա երկրորդ կիսամյակում ԵՄ-ում նախագահում է Չեխիան։
Պատրաստեց Արման Գրիգորյանը