Նյու Յորքի գլխավոր դատախազ Լետիցիա Ջեյմսը 220 էջանոց հայց է ներկայացրել ԱՄՆ նախին նախագահ Դոնալդ Թրամփի, նրա զավակների՝ Դոնալդ Թրամփ-կրտսերի, Էրիկ եւ Իվանկա Թրամփների, ինչպես նաեւ Թրամփին պատկանող ընկերությունների դեմ։
76-ամյա նախկին նախագահին, նրա ընտանիքի անդամներին եւ նրա բիզնես կազմակերպությանը մեղադրում են երկար տարիներ իրականացված ֆինանսական մեքենայությունների, մասնավորապես ընկերության կապիտալիզացիայի մասին կեղծ տվյալների տրամադրման համար: Դրանք, ըստ անհրաժեշտության, միտումնավոր կերպով կամ նվազեցվել են, կամ ավելացվել, որ ձեռնտու պայմաններով վարկեր ստանան կամ ավելի քիչ հարկեր վճարեն։ Մեղադրանքում ասվում է, որ նման վարկեր տրամադրել է նաեւ խոշոր գերմանական ֆինանսական կառույց Deutsche Bank-ը։ Թրամփն ու իր ընտանիքը որպես պատճառած վնասի փոխհատուցում պետք է 250 միլիոն դոլար վճարեն։
Լետիցիա Ջեյմսի ներկայացրած մեղադրական հայցում նշվում է, որ 10 տարվա ընթացքում ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփն ու մյուս մեղադրյալներն ավելի քան 200 դրվագով իրականացրել են ակտիվների կեղծ գնահատում։ Թրամփի կորպորատիվ կայսրության դեմ հետաքննությունը ընթացել է երեք տարի, եւ այդ ընթացքում հատուկ զրույցներ են վարվել 65 վկայի հետ, ուսումնասիրվել են միլիոնավոր փաստաթղթեր։
«Դոնալդ Թրամփը խաբեությամբ ուռճացրել է իր հարստությունը միլիարդավոր դոլարներով, որպեսզի անարդարացիորեն հարստանա եւ խաբի համակարգին, այսինքն, մեզ բոլորիս»,- հայտարարել է Նյու Յորքի գլխավոր դատախազը։
Ըստ ամերիկյան հեղինակավոր The New York Times պարբերականի՝ The Trump Organization-ը հայտարարություն է տարածել, որում ասված է, թե Թրամփի վերաբերյալ մեղադրական եզրակացությունն աղերս չունի ոչ օրենքի, ոչ փաստերի հետ։ Դա պարզապես քաղաքական որոշում է։
Դոնալդ Թրամփն ինքը հայտարարել է, որ քաղաքական հետապնդումների եւ «վհուկների որսի» զոհ է։ Թրամփը շեշտել է, որ իրեն մեղադրող դատախազը մրցակից Դեմոկրատական կուսակցության անդամ է։
ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոն այս տարվա օգոստոսին խուզարկություն էր իրականացրել Դոնալդ Թրամփի՝ Ֆլորիդայի տանը։ Գործակալները փնտրել էին գաղտնի փաստաթղթեր, որոնք Թրամփը կարող էր վերցնել Սպիտակ տանից հեռանալու ժամանակ։ Ըստ The Washington Post-ի՝ հայտնաբերվել են փաստաթղթեր, որոնցում նկարագրված են եղել արտասահմանյան մի երկրի պաշտպանական ռազմավարությունն ու միջուկային պոտենցիալը։
Ամերիկյան Կապիտոլիումի վրա հարձակումը հետաքննող հանձնաժողովն ավելի վաղ անցկացրել է լսումներ, որոնց ժամանակ հնչել են մեղադրանքներ նախկին նախագահի հասցեին, սակայն դրանք բավարար չեն Դոնալդ Թրամփին պատասխանատվության ենթարկելու համար։
Պատրաստեց Արման Գրիգորյանը