Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ նախօրեին հայտարարված մասնակի զորահավաքը, ըստ էության, հանգեցնելու է Ուկրաինայի ռազմական հակամարտության նոր սրացման եւ պետք է պատժվի նոր պատժամիջոցներով։
Եվրահանձնաժողովի նախագահը ամերիկյան CNN-ի հետ զրույցում ասել է, թե Պուտինը ցուցադրում է իր տկարությունը՝ փորձելով հավաքել բավարար պատրաստություն չանցած, բավարար փորձառություն չունեցող զինվորականներին եւ կեղծ հանրաքվեներ կազմակերպելով Ուկրաինայի ինքնիշխան տարածքում։
Արդեն իսկ ընդունած պատժամիջոցները որքանով են գործում հարցին ի պատասխան Ուրսուլա ֆոն դեր Լայենն ասել է, որ ռուսական արդյունաբերությունն այժմ անկում է ապրում, ու Մոսկվան զգալի խնդիրներ ունի ռազմական սեկտորում կիսահաղորդիչների մատակարարումների խնդիրների պատճառով։
Ֆոն դեր Լայենը շեշտել է, որ եվրոպացիները չեն նահանջի պուտինյան միջուկային շանտաժի առաջ։ Նա աջակցել է Ուկրաինայի՝ արեւմտյան արտադրության սպառազինությունների մատակարարումները շարունակելու խնդրանքին։ Եվրահանձնաժողովի ղեկավարը հավելել է, որ ուկրաինացիները փուլ առ փուլ ստացել են այն, ինչի կարիքն ունեցել են, եւ ապացուցել են, որ կարողանում են արդյունավետորեն պաշտպանվել։ Ուստիեւ հարկավոր է ականջալուր լինել նրանց եւ շարունակել ռազմական մատակարարումները։
Պատրաստեց Արման Գրիգորյանը