Պատերազմի հետազոտման ամերիկյան ինստիտուտի (ISW) հրապարակած տվյալներով ՌԴ-ում Պուտինի՝ սեպտեմբերի 21-ին հայտարարած մասնակի զորահավաքն ի հայտ է բերել մի շարք լուրջ խնդիրներ, որոնց բախվել է Ռուսաստանը Ուկրաինայի վրա անվճռական հարձակման ընթացքում: Ըստ ուսումնասիրությունների՝ առաջիկա ամիսներին այդ զորահավաքը հազիվ թե անդրադառնա ռազմական գործողությունների վրա եւ առավել եւս ի վիճակի լինի փոխելու դրանց ընթացքը:
ISW-ի գնահատականներով՝ ժամանակին պարտադիր զինծառայություն անցած պահեստի զինապարտներն առաջիկա ամիսներին էական մարտական ուժ չեն կարողանա ապահովել ՌԴ զինված ուժերում: Դա ընդամենը կօգնի 2023-ին պահպանելու ռուսաստանյան զինված ուժերի ներկա մակարդակը՝ հաշվի առնելով ռուսական բանակի կորուստները: Այսպիսով, ըստ Պատերազմի հետազոտման ամերիկյան ինստիտուտի, ՌԴ-ում հայտարարված մասնակի զորահավաքը Ուկրաինային ձմռան ընթացքում չի զրկի ավելի շատ բռնազավթված տարածքներ ազատագրելու հնարավորությունից:
Անհասկանալի է՝ ռուսական պահեստազորի որ հատվածն է տեղակայվել Ուկրաինայում ռազմական գործողությունների համար: ISW-ի տվյալներով՝ ներկա մասնակի զորահավաքը կմեկնարկի նվազ մարտունակ անձնակազմի ներգրավմամբ: Ռուս պահեստազորայիններն, ըստ Պատերազմի հետազոտման ամերիկյան ինստիտուտի, լավ մարզված չեն եւ զորակոչի ժամկետը լրանալուն պես վերապատրաստում չեն անցնում: Պարտադիր զինվորական ծառայությունը ՌԴ-ում տեւում է 1 տարի, ինչը զինակոչիկներին հնարավորություն չի ընձեռում լիարժեք ուսուցման համար: Վերապատրաստման բացակայությունը նախնական փուլից հետո ժամանակի ընթացքում արագացնում է զինվորական հմտությունների աստիճանական անկումը: ՌԴ պահեստազորայիններից քչերն ունեն մարտական փորձ՝ չհաշված նրանց, որոնք ներկայում ծառայում են Ուկրաինայում: