Միջուկային էներգիայի միջազգային գործակալությունը՝ ՄԱԳԱՏԷ-ն, սկսել է «իրական բանակցություններ» Ռուսաստանի եւ Ուկրաինայի հետ Զապորոժիեի ատոմային էլեկտրակայանի շուրջ անվտանգության գոտու ստեղծման հարցի շուրջ։ ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար Ռաֆայել Գրոսսին հայտարարել է, որ Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի շրջանակում հանդիպումներ է ունեցել Ռուսաստանի եւ Ուկրաինայի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովի եւ Դմիտրի Կուլեբայի հետ։
Գրոսսին մանրամասնել է, թե դեռ որոշակի պայմանավորվածություններ չկան, սակայն իր տպավորությամբ բոլոր կողմերն էլ համոզված են, որ հարկավոր է ԶԱԷԿ-ի շուրջ անվտանգության գոտի ստեղծել։ ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը հավելել է, որ վերջին շրջանում Զապորոժիեի ԱԷԿ-ի շուրջ իրավիճակը շարունակվում է լարվել, ինչը խոր մտահոգության առարկա է, ուստի հարկավոր է հնարավորինս արագ պայմանավորվածություններ ձեռք բերել։ Գրոսին հայտնել է, որ առաջիկայում կրկին այցելելու է Ուկրաինա, այնուհետեւ՝ Ռուսաստան բանակցությունները շարունակելու ակնկալիքով։
Եվրոպայի խոշորագույն՝ Զապորոժիեի ատոմային էլեկտրակայանը (ԶԱԷԿ) այս տարվա մարտից անցել է ռուսական զորքերի վերահսկողության տակ, սակայն այնտեղ շարունակում են աշխատել ուկրաինացի աշխատակիցները։ Ամռանը ԶԱԷԿ-ը ռմբակոծվեց, եւ Մոսկվան ու Կիեւը իրար են մեղադրում այդ գործողությունների համար։ Սեպտեմբերի սկզբին ՄԱԳԱՏԷ-ի առաքելությունը մի քանի օր անցկացրել է ԱԷԿ-ում։ ՄԱԳԱՏԷ-ի երկու փորձագետներ դեռ այնտեղ են։
Պատրաստեց Արման Գրիգորյանը