Շիրակի մարզի Հովիտ գյուղի 35-ամյա բնակիչ Համլետ Մկրտչյանի առողջությունն օր օրի վատթարանում է: Հույս չկա, որ մի օր ավելի լավ կլինի: Բժիշկներն ասում են՝ բուժում չկա. դիմային հեմիսպասզմ է, ամբողջ կյանքն ապրելու է այս հիվանդության հետ: Արտահայտվում է դեմքի մի կեսին հանկարծակի ծագող ուժեղ, շոկային ցավերով, ուղեկցվում մշտական այրող զգացումով: «Սկզբում միայն աչքն էր, հետո տարածվեց դեմքին, հիմա արդեն ամբողջ ձախ կողմն է ախտահարվել»,- ասում է Համլետի մայրը՝ Երազիկ Մկրտչյանը:
Գյումրիում երկարատեւ, թանկարժեք բուժում ստանալուց հետո առողջությունը վերագտնելու փորձերը մայրաքաղաքում նույնպես ապարդյուն են եղել: Վիճակը ժամանակավորապես թեթեւացնող, նյարդերը հանգստացնող դեղեր են նշանակել: Տիկին Երազիկն ասում է՝ առաջարկել են, որ վիրահատեն, գոնե դեմքի շարունակվող ծռվելը կանխվի, բայց բժիշկներն ասել են՝ իմաստ չկա:
Անցած տարի Համլետին եռամսյա զորահավաքի են կանչել: Տիկին Երազիկն ասում է՝ հիվանդության պատմությունը տեսնելուն պես զինկոմիսարիատից տուն են ուղարկել, ասել են՝ զինծառայության պիտանի չէ:
Դրանից հետո, ինչպես սովորաբար է լինում, ընտանիքը դիմել է պետությանը հաշմանդամության թոշակի համար: «Ասացին՝ ձեռքդ ու ոտքդ տեղն է, աշխատի՛ր: Ասացի՝ եթե ոչ այս տղան, բա ո՞վ պետք է թոշակ ստանա: Պատասխանեցին, որ միայն վերջին ստադիայի հիվանդները»: Չեն մոռացել տիկին Երազիկին ուղղորդել. «Եթե դժգոհ եք, բողոքարկեք ում ուզում եք. ձեզ թոշակ չի հասնում»:
«Բողոքարկե՞լ եք» հարցին մայրը բացասական պատասխան է տալիս. «Չեմ հավատում, որ բան փոխվի: Եթե «վերեւում» ուզենային, կանեին, էլ ի՞նչ բողոքարկում: Մեծ պահանջ չէր. անաշխատունակ է, թոշակավորեք, գոնե իր օրվա դեղի գումարն ունենա»:
Համլետն անասնապահությամբ է զբաղվում, սիրում է աշխատել ու իր արդար քրտինքով զավակին ապահովել ապրուստով: Հիվանդանալուց հետո անասնագլխաքանակը ստիպված պակասեցրել է: «Օրական երկու անգամ դեղ եմ խմելու: Այդ դեղն առանձնահատկություն ունի. հենց խմեցի, մի քանի ժամ անջատվում ու քնում եմ՝ անկախ գտնվելու վայրից: Եթե չխմեմ, աչքս լարվածությունից չի փակվի: Ստիպված առավոտվանը չեմ խմում: Որ քնեմ, բա իմ գործերն ո՞վ է անելու, դեղերս ինչո՞վ եմ գնելու»,- ասում է Համլետը:
Նա այլ հարցեր նույնպես ունի. «Երբ որ ընտրություն է լինում, գալիս, ասում եք՝ քաղաքացիական պարտքդ կատարի՛ր: Քանի կար, գնում, ՀՀԿ էինք ընտրում, հիմա էլ գնացինք, ընտանիքով երկու անգամ ՔՊ-ին ձայն տվեցինք, որ մեր կողքին լինեք, տեր կանգնեք: Հարկ ու տուրք ենք տալու. պարտավոր ենք, տալիս ենք: Երբ առողջ էի, երկու տարի ծառայեցի հայրենիքիս. իմ պարտքն էր: Հիմա, երբ ես ունեմ պետության կարիքը, ինչո՞ւ եք երես թեքում: Թող ես առողջ լինեի, այդ երկու կոպեկի համար չգայի ձեր դուռը»:
Նշենք, որ հաշմանդամության կարգ ստանալն անհաղթահարելի ռուբիկոն է դարձել: Խնդիրն առկա է նաեւ 44-օրյա պատերազմում առողջությունը կորցրած բազմաթիվ զինծառայողների շրջանում. թոշակ չեն տալիս, քանի դեռ ձեռք ու ոտք ունես:
Օրերս մի արտահայտություն է տարածվել. ասում են՝ ապրուստը թանկացել է, կյանքն՝ էժանացել… Աթոռն ու պաշտոնը, սակայն, մարդուց էլ, կյանքից էլ վեր ու թանկ են դարձել:
Առաջին մասնագիտությամբ բանասեր, երկրորդով՝ հոգեբան, լրագրությունը, սակայն, երրորդը չէ։ Լրագրությունը բոլոր մասնագիտություններից ամենասիրելին է։