ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 77-րդ նստաշրջանի շրջանակում հանդիպել է Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռաիսիի հետ:
Վարչապետը մանրամասն անդրադարձել է Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի ձեռնարկած ագրեսիային եւ դրա հետեւանքներին` ընդգծելով ադրբեջանական գործողությունների դատապարտման, ՀՀ ինքնիշխան տարածքից ադրբեջանական ստորաբաժանումների դուրսբերման ուղղությամբ միջազգային հանրության, ներառյալ Իրանի համարժեք արձագանքի կարեւորությունը: Փաշինյանը գոհունակություն է հայտնել իրանական կողմի հստակ գնահատականների կապակցությամբ եւ կարեւորել ստեղծված իրավիճակում երկկողմ սերտ փոխգործակցությունը:
Էբրահիմ Ռաիսին նշել է, որ Իրանն ուշադրությամբ հետեւում է զարգացումներին, եւ հավելել, որ տարածաշրջանում բոլոր խնդիրները պետք է լուծվեն բացառապես խաղաղ ճանապարհով: Իրանի նախագահը շեշտել է, որ պետությունների տարածքային ամբողջականության եւ տարածաշրջանում սահմանների փոփոխության անթույլատրելիության վերաբերյալ Թեհրանի դիրքորոշումը հստակ է, եւ Հայաստանի հետ Իրանի ցամաքային կապը չպետք է վտանգվի: Էբրահիմ Ռաիսին շեշտել է, որ իր երկիրը պատրաստ է աջակցելու տարածաշրջանում խաղաղության հաստատմանը՝ հավելելով, որ Հայաստանի անվտանգության հարցը կարեւոր է Իրանի համար: