ՀՀ ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանը հայտնել է, որ սեպտեմբերի 23-ին՝ 07։40-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրկին խախտել են հրադադարի ռեժիմը՝ տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ բացելով հայ-ադրբեջանական սահմանի արեւելյան ուղղությամբ տեղակայված հայկական մարտական դիրքերի ուղղությամբ։
«Պատասխան գործողություններով հակառակորդի կրակը լռեցվել է։ Հայկական կողմում կորուստներ չկան»,– նշել է ՊՆ խոսնակը։
Ավելի վաղ, ըստ «Սպուտնիկ Արմենիա»-ի, Գեղարքունիքի մարզի Կուտականի գյուղապետ Մակիչ Թովմասյանը հայտնել է, որ հակառակորդը հրաձգային զինատեսակներից կրակ է բացել Կուտական համայնքի հայկական դիրքերի ուղղությամբ։
Թովմասյանը մանրամասնել է, որ ընդհանուր առմամբ եղել է երկու կրակահերթ, մեկը տեւել է 2, մյուսը` 3 րոպե։ Այժմ գյուղում հանգիստ է, կրակոցներ չկան:
Նա նշել է, որ խուճապ չկա, ադրբեջանական վերջին հարձակումից հետո կանանց, ծերերին եւ երեխաներին տարհանել են, գյուղում մնացել են միայն տղամարդիկ։
Թովմասյանը հավելել է, որ վիրավորների ու զոհերի մասին տեղեկություն չկա։
Միաժամանակ, Հայաստանի պաշտպանության նախարարության խոսնակ Արամ Թորոսյանը հերքել է Ադրբեջանի ՊՆ հաղորդումը, թե ուշ երեկոյան եւ գիշերը հայկական Զինված ուժերը պետական սահմանին գնդակոծել են ադրբեջանական բանակի դիրքերը Թովուզի, Դաշքեսանի եւ Քելբաջարի շրջանների մի քանի բնակավայրերի ուղղություններով:
«Ադրբեջանի ՊՆ քիչ առաջ տարածած հաղորդագրությունն ապատեղեկատվություն է: Գիշերվա ընթացքում ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակ չեն բացել», — Ֆեյսբուքյան գրառման մեջ նշել է ՊՆ խոսնակը: