Մեծ Բրիտանիայում կառավարության ծառատնկման եւ անտառների զարգացման ծրագիրը կարող է անիրագործելի դառնալ կլիմայի համընդհանուր փոփոխությունների հետեւանք երաշտի պատճառով։
Ըստ The Guardian-ի՝ Մեծ Բրիտանիայի գլխավոր սանիտարական բժիշկ Նիկոլա Սփենսը հայտարարել է, որ երաշտը ջերմային սթրես է առաջացրել երիտասարդ տնկիների համար, եւ դրանք ավելի ընկալունակ են դարձել տարատեսակ հիվանդությունների համար։
Լոնդոնում բույսերի առողջությանը նվիրված՝ աշխարհում առաջին անգամ տեղի ունեցող միջազգային կոնֆերանսում առանձին քննարկման թեմա է դարձել նաեւ բույսերի հիվանդությունների եւ վնասատուների ակտիվացման հարցը, ինչը եւս հետեւանք է կլիմայական համընդհանուր փոփոխությունների։
ՄԱԿ-ի Պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպության հաշվարկներով ամեն տարի համաշխարհային գյուղատնտեսական մշակաբույսերի արտադրության մեջ 40 տոկոս կորուստ է գրանցվում բույսերի հիվանդությունների ու վնասատուների պատճառով, ինչը համաշխարհային տնտեսության համար արժենում է ոչ պակաս, քան 220 միլիարդ դոլար։ Այս առումով հատկապես կարեւորվել են բնության անաղարտության պահպանումը եւ վերականգնումը, ինչպես նաեւ թունաքիմիկատների կիրառման կտրուկ կրճատումը։
Բրիտանական կառավարությունը 2021-ին հայտարարել է, որ մինչեւ 2024-ի հերթական ընտրությունները եռապատկելու է երկրի անտառային ծածկույթը՝ երկրի ամբողջ տարածքով իրականացնելով զանգվածային անտառատնկումներ։ Նպատակը կենսաբազմազանության ավելացմանը նպաստելն էր, որպեսզի ածխածնի քանակությունը մթնոլորտում հնարավորինս նվազեցվի, եւ լանդշաֆտները դառնան ավելի կայուն երաշտների ու հեղեղումների հանդեպ։
Այժմ կառավարությունը նպատակ ունի մինչեւ 2024 թվականը տարեկան 7 հազար հեկտար անտառ տնկել։
Պատրաստեց Արման Գրիգորյանը