Ըստ «Արմենպրես»-ի՝ Գեղարքունիքի մարզում ադրբեջանական վերջին հարձակումից հետո սահմանամերձ բնակավայրերի 12 հանրակրթական դպրոց անցել է հեռավար կրթության։
Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը հայտնել է, որ այդ դպրոցները Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի այն բնակավայրերում են, որոնք ադրբեջանական վերջին հարձակման հետեւանքով հայտնվել են թշնամու թիրախի ներքո: Անվտանգության ապահովման նկատառումներով որոշվել է անցնել կրթության կազմակերպման հեռավար ձեւին։
Մարզի մյուս կրթական հաստատությունները գործում են առկա ուսուցմամբ՝ ներառյալ Վարդենիս համայնքի մյուս դպրոցներում, որոնք չեն համարվել անվտանգության տեսանկյունից խոցելի համարվող կառույցներ։
Մարզպետը նշել է, որ հեռավար ուսուցման անցած աշակերտների ընդհանուր թիվը հասնում է 1245-ի։ Ըստ նրա՝ ուղիղ մեկ շաբաթ կրթություն ստանալու իրավունքից զրկվել են Վարդենիս համայնքի 36 հանրակրթական հաստատությունների 7072 աշակերտներ։ 500 նախադպրոցական տարիքի երեխաներ էլ զրկվել են մանկապարտեզներ հաճախելու իրավունքից։