ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը, Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիի հետ հանդիպմանն ընդգծելով իրանական միջուկային ծրագրի՝ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) վերականգնման կարեւորությունը, նրան կոչ է արել ճկունություն հանդես բերելու բանակցություններում:
ԳՀՀԾ-ն Թեհրանի հետ ստորագրել են 2015-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական «հնգյակն» ու Գերմանիան Իրանի միջուկային մշակումների շուրջ ճգնաժամի հաղթահարման նպատակով: ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը 2018-ին որոշում է ընդունել այդ համաձայնությունից դուրս գալու մասին:
Միացյալ Նահանգների ներկայիս նախագահ Ջո Բայդենը բազմիցս հայտնել է Թեհրանի հետ միջուկային գործարքին՝ Վաշինգտոնի վերադառնալու պատրաստակամության մասին:
Ռուսաստանը, Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Չինաստանը, ԱՄՆ-ը եւ Ֆրանսիան անցյալ տարվա ապրիլից Իրանի հետ բանակցություններ են վարում Վիեննայում ԳՀՀԾ-ն իր սկզբնական տեսքով վերականգնելու շուրջ:
Վիեննայի բանակցությունների մի քանի փուլերի արդյունքներով կողմերին է ներկայացվել համաձայնությունների վերջնական տեքստը: Իրանն այնուհետեւ ներկայացրել է տեքստի իր մեկնաբանությունները, որոնք ԱՄՆ-ը եւ ԳՀՀԾ-ի եվրոպական մասնակիցները համարել են գործարքի վերականգնմանը խոչընդոտող: