«Ուկրաինայում ընթացող իրադարձությունների լուսաբանումները կարծես ստվերում թողեցին Հարավային Կովկասում վերջերս տեղի ունեցած սահմանային բախումները:
Չպետք է մոռանալ, որ Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ վերսկսված մարտերը`2020 թվականին Մոսկվայի միջնորդությամբ հրադադարի հաստատումից ի վեր վատթարագույնը, կարող են համաշխարհային նշանակության ազդեցություն ունենալ»,-Nationalinterest պարբերականում գրում է արտաքին քաղաքականության հետազոտությունների ինստիտուտի ավագ գիտաշխատող Ստեֆեն Բլանկը։
Վտանգված են այս երկու երկրների միջեւ ընթացող խաղաղ բանակցությունները, որոնք միտված էին ապահովելու երկու երկրների տարածքներով անցնող անվտանգ տարանցիկ ուղիներ նաեւ համաշխարհային շուկայի համար:
Այդպիսի տարանցիկ ճանապարհներն արդեն սպառնալիքի տակ են հայտնվել Ուկրաինայում պատերազմի պատճառով: Էներգիայի, սննդի եւ առեւտրային ապրանքների տեղափոխման խափանումները սեյսմիկ ցնցում են առաջացրել աշխարհի տնտեսությունների համար:
Եվրոպայում գազի գները աճեցին այն բանից հետո, երբ Մոսկվան խափանեց Nord Stream-1 գազատարին հասանելիությունը, իսկ արեւմտյան պատժամիջոցները հանգեցրին ամենաանհրաժեշտ սննդամթերքների գների բարձրացման ամբողջ աշխարհում:
Այս ֆոնին Հայաստանն այլեւս չի կարող հետաձգել Եվրոպայի եւ Ասիայի միջեւ կենսականորեն անհրաժեշտ նոր տրանսպորտային ուղու՝ Զանգեզուրի միջանցքի կառուցումը:
Միջանցքը, որի վերաբերյալ երկար ժամանակ ընթանում էին բանակցություններ, անցնելու է Հայաստանի տարածքով Ադրբեջանի հարավարեւմտյան սահմանից մինչեւ ադրբեջանական էքսկլավ Նախիջեւան, այնուհետեւ՝ Թուրքիա եւ դրանից դուրս:
Սա արեւելք-արեւմուտք առեւտրային այն անհրաժեշտ ուղիներից է, որը կարող է շրջանցել Ռուսաստանը: Եթե Հայաստանն իսկապես Արեւմուտքի բարեկամն է, ինչպես պնդում է նրա մեծ Սփյուռքը, ապա պետք է վերադառնա բանակցությունների սեղանին եւ անմիջապես թույլ տա միջանցքի բացումը:
Հայաստանը պարտավորվել է բացել միջանցքը`որպես Մոսկվայի միջնորդությամբ 2020 թվականի նոյեմբերին ստորագրված հրադադարի համաձայնագրի մաս:
Այնուամենայնիվ, այդ գործարքով Ռուսաստանը ստանձնեց միջանցքի պատասխանատուի դերը, որը կարող է վտանգավոր նախադեպ լինել հետագա անախորժությունների համար:
Նախընտրելի է Եվրամիության (ԵՄ) խորհրդի նախագահ Շառլ Միշելի՝ անցած դեկտեմբերին Հայաստանի եւ Ադրբեջանի հետ եռակողմ բանակցություններից հետո հայտարարած բանաձեւը:
Միշելի ծրագրով թույլ է տրվում յուրաքանչյուր երկրին վերահսկել միջանցքի իր տարածքով անցնող հատվածը՝ երրորդ կողմին զրկելով մանիպուլյացիայի որեւէ հնարավորությունից:
Ռուսաստանը շրջանցող անվտանգ «հարավային միջանցքի» որոնումը նոր չէ, բայց գլոբալ աշխարհաքաղաքական ներկայիս վիճակը թելադրում է հրատապության նոր մակարդակ:
Տեսականորեն տրանսպորտի ամենադյուրին երթուղին պետք է լիներ Իրանի տարածքով: Սակայն ԱՄՆ պատժամիջոցների եւ իրանական երկաթուղիներում թերի ներդրումային քաղաքականության պայմաններում դժվար է Իրանի երթուղին դիտարկել որպես անվտանգ կամ հուսալի տարբերակ:
Լուծումը Հարավային Կովկասն է: Վերջին տարիներին տարբեր գործոնները տարածաշրջանը ուժեղացրել են որպես տարանցիկ ուղի: Թուրքիայի, Վրաստանի եւ Ադրբեջանի հաջող համագործակցության շնորհիվ ստեղծվել են նոր կապեր, ինչպիսիք են Բաքու-Թբիլիսի-Կարս (BTK) երկաթուղին եւ հարավային գազային միջանցքի խողովակաշարերը, որոնք Եվրոպային ապահովում են կասպիական կենսական գազով եւ այլ ռեսուրսներով:
Այս նախաձեռնությունը հետագա թափ ձեռք բերեց, երբ նախկին խորհրդային հանրապետություններ Ղազախստանը եւ Ուզբեկստանը սկսեցին Ադրբեջանի տարածքով վառելիք եւ ապրանքներ ուղարկել՝ ի պատասխան Ռուսաստանի շրջափակման:
Այնուամենայնիվ, Հարավային Կովկասի երթուղուն ապավինելը նույնպես ունի թերություններ: 2008-ին Ռուսաստանը ներխուժեց Վրաստան, ինչը կարելի է դիտել որպես փորձ Ուկրաինա ներխուժումից առաջ: Ռազմական գործողությունների նպատակն էր վրացական տարածքում գտնվող՝ Ռուսաստանի երկու մարիոնետ հանրապետությունների՝ Աբխազիայի եւ Հարավային Օսիայի նկատմամբ վերահսկողության ամրապնդումը: Ռուսական տանկերը դեռեւս տեղակայված են Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիից ընդամենը մոտ 40 մղոն (մոտ 64 կմ) հեռավորության վրա:
Չարագուշակ նշանները ցույց են տալիս հետագա ռուսական ներխուժումների սպառնալիք: Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին նշել էր, որ «Ուկրաինայից հետո հաջորդ թիրախը Վրաստանն է»:
Ռուսաստանի նախկին նախագահ Դմիտրի Մեդվեդեւը, որը ներկայումս Անվտանգության խորհրդի բարձրաստիճան անդամ է, սոցցանցերում նշել էր, որ Ղազախստանն ու Վրաստանը «արհեստականորեն» ստեղծված գործոններ են, եւ «Կիեւի ազատագրումից հետո Ռուսաստանը կրկին միավորված կլինի»:
Թեեւ գրառումը տասը րոպե անց հեռացվեց, եւ մեղադրեցին «հաքերներին», այնուամենայնիվ, դա կասկածներ է առաջացնում Ռուսաստանի հնարավոր մտադրությունների վերաբերյալ: Հետեւաբար Վրաստանի տարածքով միջանցքը չի կարող երկարաժամկետ ներդրման հուսալի լուծում լինել, ոչ էլ այդպիսի երթուղին կարող է ամբողջովին մեկուսացված լինել Ռուսաստանի միջամտությունից:
Լավագույն լուծումը Զանգեզուրի միջանցքն է՝ ռազմավարական տրանսպորտային երթուղու մի մաս, որը տարածվում է Բաքվից մինչեւ Կարս, Թուրքիայի արեւելյան նահանգ եւ անցնում է Իրանին սահմանակից Հայաստանի տարածքով:
Զանգեզուրի միջանցքը կարող է դառնալ Խաղաղ եւ Ատլանտյան օվկիանոսների միջեւ ամենակարճ ցամաքային ճանապարհը:
Հայաստանը զգալիորեն օգուտ կստանա՝ բացելով օղակը գլոբալ մատակարարման ցանցում: Այնուամենայնիվ, Հայաստանն առայժմ փորձել է հետ կանգնել իր խոստումից: Հայաստանը Արեւմուտքի հետ ջերմ գործընկերության քաղաքականություն է վարում, սակայն իրականությունն այլ է: Հայաստանը Ռուսաստանի ամենամոտ դաշնակիցներից եւ կախյալներից մեկն է:
Շարունակելով արգելափակել Զանգեզուրի միջանցքը՝ Հայաստանը խաղում է համաշխարհային տնտեսությունը խեղդելու Մոսկվայի սցենարով: Միեւնույն ժամանակ հակաթուրքական եւ հակաադրբեջանական պոպուլիստական հռետորաբանությունը տեղ չի թողնում հայ քաղաքական գործիչների համար հարեւանների հետ հարաբերությունների կարգավորման գործում:
Ինչեւէ, ժամանակն է, որ Հայաստանը որոշի՝ Արեւմուտքի ընկերն է, թե ոչ: Եթե այո, ապա այն պետք է վերսկսի Ադրբեջանի հետ խաղաղ բանակցությունները եւ օգնի բացելու Զանգեզուրի միջանցքը:
Այս իրավիճակում, երբ Ռուսաստանը շրջափակել է համաշխարհային մատակարարումների ուղիները, արեւելքից արեւմուտք ապրանքներ տեղափոխելու համար կենսունակ լուծումներ գտնելու հնարավորությունները սպառվել են: Զանգեզուրի միջանցքը կարող է դառնալ առավել օպտիմալ լուծումներից մեկը:
Թարգմանեց Կարինե Դավոյանը