Ըստ «Ալիք Մեդիա Վրաստան»-ի՝ Ռուսաստանում զորահավաք հայտարարելուց ի վեր Վրաստանում բնակարաններ ձեռք բերելու, ինչպես նաեւ կեցության իրավունք ստանալու ռուսաստանցիների պահանջարկն աճել է 8 անգամ։
Ռուսական Forbes-ի տվյալներով՝ ՌԴ մաքսային ծառայությունը հայտնել է, որ վրաց-ռուսական Վերին Լարսի անցակետում սեպտեմբերի 22-ի դրությամբ Ռուսաստանից Վրաստան է մուտք գործել օրական 1511 ավտոմեքենա։ ՌԴ-ում աճել է նաեւ ավիատոմսերի հանդեպ պահանջարկը. ամենից հաճախ ՌԴ քաղաքացիները թռիչքներ են փնտրում դեպի առանց վիզայի երկրներ, ինչպիսիք են Վրաստանը, Թուրքիան, Հայաստանը, Ղազախստանը, Ուզբեկստանը, Ղրղզստանը, Ադրբեջանը, Արաբական Միացյալ Էմիրությունները, Թաիլանդը եւ Տաջիկստանը:
Ավիատոմսերից բացի աճել է նաեւ արտերկրում հյուրանոցներ վարձակալելու պահանջարկը։ Ըստ Ostrovok.ru առցանց ամրագրման ծառայության՝ սեպտեմբերի 21-ին՝ մասնակի զորահավաքի մեկնարկի օրը, ԱՊՀ երկրներում հյուրանոցների որոնումների թիվը սեպտեմբերի 19-ի համեմատ աճել է հինգ անգամ, իսկ ամրագրումների թիվը կրկնապատկվել է։
Սեպտեմբերի 19-ի համեմատ ռուսները 8 անգամ ավելի հաճախ են բնակարան փնտրել Վրաստանում, Ղրղզստանում եւ Ղազախստանում, իսկ Հայաստանում՝ 14 անգամ։