Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանում հայտարարել է, որ Թբիլիսին պատրաստ է երկխոսության համար կենտրոն դառնալու՝ հաստատելու մեր տարածաշրջանում խաղաղության եւ կայունության անհրաժեշտությունը։
«Հենց այդ մտադրությամբ է Վրաստանն աջակցում հարեւանության խաղաղ նախաձեռնությանը, որը ենթադրում է Հարավային Կովկասի բոլոր երեք երկրների մասնակցությունը»,- ընդգծել է Ղարիբաշվիլին: Նա հիշեցրել է, որ Վրաստանի միջնորդության շնորհիվ Ադրբեջանը 2021-ին Հայաստանին վերադարձրեց 15 ռազմագերիների, իսկ Երեւանը Բաքվին փոխանցեց ականապատված դաշտերի քարտեզները։
Ըստ «Ազատություն» ռադիոկայանի՝ Ղարիբաշվիլին ասել է, որ Ուկրաինայում Ռուսաստանի շարունակվող լայնածավալ պատերազմը խարխլում է երկրի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը, ՄԱԿ-ի կանոնադրությունն ու միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքները։