Թուրք լրագրող Մեթե Չուբուքչուն իր հարցազրույցում նշել էր, որ թուրքական մամուլը գնում է քաղաքականության հետեւից, այսինքն` թեմատիկ ուղղություններն ու հռետորաբանությունը, օգտագործված լեզուն ուղղակիորեն կախված են երկրի ղեկավարության տրամադրություններից եւ արտաքին քաղաքական դիսկուրսից։
Ուրեմն ի՞նչ կարելի է ենթադրել վերջին օրերի թուրքական մամուլի գլխագրերից․ Թուրքիան ակտիվորեն շարունակում է զինել իր բանակը, ստեղծել իր մարտական զինտեխնիկան, անվերապահորեն աջակցում է իր եղբայր Ադրբեջանին բոլոր գործողություններում, թուրք-հունական հարաբերությունները գնալով սրվում են ու մոտ են հասնելու վերջին շրջանի ամենալարված աստիճանին։
Թուրքիան շարունակում է ակտիվորեն զբաղվել ռազմական արդյունաբերությամբ։ Պաշտպանական արդյունաբերության վարչության ղեկավար Իսմայիլ Դեմիրի անունը մամուլում սկսել է շատ շրջանառվել։ «Անադոլու» գործակալության հետ օրերս ունեցած զրույցում նա խոսել էր թուրքական ազգային մարտական տեխնիկայի սպասվող արտադրությունից, այդ թվում՝ «Ալթայ» մարտական տանկերի, որոնց սերիական արտադրությունը շուտով կմեկնարկի։ Ի դեպ, մամուլում չի նշվում, թե որ երկրից են ներկրվում տանկերի փոխանցման տուփերը։ Դեմիրը նշել է, որ Թուրքիան նաեւ աշխատում է իր ազգային ռազմական ինքնաթիռների, ինչպես նաեւ «Անադոլու» նավի արտադրության ուղղությամբ։
Ուշագրավ է, որ հակահունական տրամադրություններն աչքի են ընկնում նաեւ այս ոլորտում կատարվող լուրերի լուսաբանումներում։ Օրինակ` Կատարի հետ ռազմական համագործակցության շրջանակում Թուրքիայում տեղակայվելու են ֆրանսիական «Ռաֆալե» ռազմական 36 ինքնաթիռներ իրենց աշխատակազմով։ Yeni Akit պարբերականը նշում է, որ սա անհանգստացրել է Հունաստանին, մեծ աղմուկ բարձրացրել տեղական մամուլում։
Milliyet պարբերականում, օրինակ, հրապարակվեց «Արդյոք Թուրքիան ու Հունաստանը կարող են հաշտվել» գլխագրով վերլուծականը, որում հեղինակն ուղղակիորեն ասում է․ «Եթե Երկրորդ համաշխարհայինից հետո Եվրոպայում Գերմանիան ու Ֆրանսիան կարողացան բարեկամանալ, ապա, այո՛, Թուրքիան ու Հունաստանը եւս կարող էին հաշտվել։ Բայց դրա համար կարիք կա սուտ չխոսող, սեփական քաղաքական ամբիցիաների համար թշնամանք չհրահրող վարչապետի»,- ակնարկելով Հունաստանի վարչապետ Միցոտակիսին։
Իսկ, օրինակ, պաշտոնաթող ծովակալ Ջիհաթ Յայջըն ահազանգում է․ «Այն, որ Հունաստանում ամերիկյան ռազմաբազաների թիվը գնալով աճում է, այն, որ Դեդեաղաչ նավահանգիստը սկսել են ընդլայնել, եւ որ Կիպրոսի հունական մասի նկատմամբ կիրառված զենքի էմբարգոն վերացվել է, հստակ ապացույց են, որ ԱՄՆ-ը, ՆԱՏՕ-ն եւ Արեւմուտքը ցանկանում են արեւելյան սահմանը Թուրքիայից խլել ու տալ Հունաստանին։ Պետք է զգուշանալ․ մեզ փորձում են ներքաշել պատերազմի մեջ»։
Այս ամենի կողքին Էրդողանը ՄԱԿ-ի ամբիոնից աշխարհին կոչ է անում ճանաչելու Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունը, իսկ ըստ Միցոտակիսի՝ իր պատասխանն այս հայտարարությանը պետք է սպասել շաբաթ օրը՝ ՄԱԿ-ի ԳԱ 77-րդ նստաշրջանի իր ելույթում։
Կարծես 2022-ի սկզբին Թուրքիայի ղեկավարի հայտարարած «Խաղաղության, կայունության եւ համագործակցության դիվանագիտությունը» հարեւան երկրների հետ լիովին փոխում է իր ուղղությունը։