Տարածվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում Նիկոլ Փաշինյանի ելույթը։ Փորձագետներից մեկն այն գնահատում է փաստարկված, շեշտադրումները՝ ճիշտ։ Ընկալման խնդիր է։
Կարծում եմ, Փաշինյանը թույլ տվեց երկու սկզբունքային թերասացություն։ Խոսելով տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման մասին՝ նա Ադրբեջանի նախագահին առաջարկեց հրապարակել քարտեզ, որ կպատկերի Հայաստանի՝ իր կողմից ճանաչված տարածքը։ Եթե սա Իլհամ Ալիեւի հասցեին իրոնիա է, ապա ՄԱԿ-ի ԳԱ մասնակիցներից շատերի համար հազիվ թե հասկանալի եղավ։
Փաշինյանը ճիշտ կաներ, եթե Իլհամ Ալիեւին առաջարկեր, որ հրապարակի այն քարտեզը, որ համարում է Ադրբեջանի ինքնիշխան տարածք։ Փաշինյանը պետք է հարցադրում աներ․ Հայաստանը եւ Ադրբեջանը ի՞նչ սահմաններով են ՄԱԿ-ին անդամակցել եւ միջազգային հանրության կողմից ճանաչվել որպես պոստխորհրդային անկախ պետություններ։ Սա չափազանց սկզբունքային հարց է, եթե նկատի ենք ունենում, որ Ադրբեջանը ազգային-ներպետական ակտով իրեն հռչակել է 1918-1920 թվականներին գոյություն ունեցած՝ Ադրբեջանի դեմոկրատական հանրապետության իրավահաջորդ, իսկ այդ պետությունը ճանաչված սահմաններ չի ունեցել։
Ժամանակ առաջ այս կարեւորագույն թեման բարձրացրել է ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանը՝ առաջարկելով իրավական հայց հարուցել ՄԱԿ-ի միջազգային դատարանում, բայց մնացել անարձագանք։ Այսօր, երբ Ադրբեջանը «սահմանազատման» իր քաղաքականությունն է իրականացնում, Հայաստանի վարչապետը պետք է ՄԱԿ-ի ամբիոնից միանշանակորեն եւ վստահաբար հայտարարեր, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ իրավական սահմանազատում արդեն իսկ իրականացված է 1993 թվականի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի չորս բանաձեւերով, որոնք ճանաչում են ինչպես Ադրբեջանի, այնպես էլ տարածաշրջանի մյուս բոլոր երկրների ինքնիշխանությունը եւ տարածքային ամբողջականությունը։ https://ru.wikipedia.org/wiki
Եվ ՄԱԿ-ը պետք է պատասխանի հարցին՝ ի՞նչ է նկատի ունեցել Ադրբեջանի եւ տարածաշրջանի մյուս բոլոր երկրների «տարածքային ամբողջականության հարգում» ձեւակերպումն անելիս։ ՄԱԿ-ը միջազգային բարձրագույն ատյան է, այնտեղ ստեղծագործական շարադրություն չեն գրում, ընդունում են իրավական որոշումներ։ Եվ Փաշինյանը կարող էր «ցուլին բռնել եղջյուրներից»՝ միջազգային հանրությանը կոչ անելով հանձնառու լինելու իր կողմից իրականացված Հայաստան-Ադրբեջան իրավական սահմանազատման գործնական իրականացմանը։ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1993-ի չորս բանաձեւերին հղումով էլ Փաշինյանը պետք է բարձրացներ ԼՂ կարգավորման հարցը։
Այդ բանաձեւերը հստակ սահմանում են «Ադրբեջանի հանրապետության Լեռնային Ղարաբաղի ռեգիոնը»՝ որպես խաղաղ կարգավորման սուբյեկտ, մինչդեռ Իլհամ Ալիեւը ներպետական ակտով ստեղծել է «Ղարաբաղի տնտեսական շրջան» ու մերժում է ե՛ւ Լեռնային Ղարաբաղի գոյությունը, ե՛ւ ԼՂ խնդիրն ու կարգավորման բանակցությունները։ ՄԱԿ-ում Փաշինյանի ելույթն, իհարկե, Հայաստանի վերջին հնարավորությունը չէ, չպետք է որպես այդպիսին ընկալվի։
Կա, թերեւս, փորձագիտական-վերլուծական ավելի ընդգրկուն աշխատանքի անհրաժեշտություն։ Հայաստանում պետք է ձեւավորվի պրոֆեսիոնալ աշխատանքային խումբ՝ միջազգայնագետ-իրավաբանների ներգրավմամբ։ Խնդիրը պետք է ձեւակերպվի շատ հստակ․ Ադրբեջանի ազգային օրենսդրությունը, ներառյալ սահմանադրությունը, հակասում է ՄԱԿ-ի կողմից նրան որպես պոստխորհրդային անկախ պետություն ճանաչելու մասին միջազգային իրավական Ակտին։ Եթե այդ կազուսը չի հաղթահարվում, Ադրբեջանը չի ճանաչում խորհրդային շրջանի իր սահմանները եւ պետական ֆեդերատիվ կառուցվածքը, ապա միջազգային սահմանների անխախտելիության սկզբունքը կորցնում է իրավական ուժը, եւ աշխարհի ցանկացած կետում նոր ագրեսիան անխուսափելի է դառնում։
Պատմաբան, լրագրող, հրապարակախոս, քաղաքական գործիչ։ Հայաստանի Գերագույն Խորհրդի (1990-95) Արցախից ընտրված պատգամավոր, 2000-2015 թվականներին Արցախի Ազգային ժողովի երեք գումարումների պատգամավոր։ «Հոգեւոր Հայաստանը եւ արդիականությունը» գրքի հեղինակն է։