Շիրակի մարզի Անի խոշորացված համայնքում րոպեներ առաջ ՏԻՄ ընտրություններն ավարտվեցին: Մնում է հաշվեն ձայներն ու իմանան՝ նոր համայնքապետ են ունենալու, թե 18 տարվա ղեկավար ՀՀԿ-ական Արտակ Գեւորգյանն է շարունակելու ղեկավարել Անին։
Օգոստոսի 31-ից ընտրապայքարի մեջ էին երեք քաղաքական ուժեր՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Արման Սարիբեկյանի, «Ազգ-համայնք» դաշինքը գործող ղեկավար Արտակ Գեւորգյանի եւ «Հայկական երազանք» կուսակցությունը Ագուն Սաղաթելյանի գլխավորությամբ։ Ընդհանուր թեկնածուների թիվը 147 է։
33-րդ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Գոռ Պետրոսյանը տեղեկացնում է, որ թեեւ ընտրապայքարը թեժ էր, ընտրության արդյունքների վրա էական ազդեցություն ունեցող միջադեպեր չեն գրանցվել։ Մարդիկ նախորդ ընտրությունների համեմատ ակտիվ են եղել։
Անի համայնքի 18 բնակավայրերի 20 ընտրատեղամասերի 15 901 ընտրողից քվեարկությանը մասնակցել է 7961 մարդ, շուրջ 50 տոկոսը։
Անի համայնքի Մարալիկ բնակավայր մտնողին անասելի խտությամբ փակցված նույնատիպ ցուցապաստառները լուր են տալիս․ «Անիում ապագա կա՛, կա՛ ապագա»։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական պաստառների թվից հետ են մնում գործող համայնքապետի մեծադիր նկարները։ «Հայկական երազանքի» թեկնածուն ցուցապաստառների մրցապայքարին չի դիմացել, ո՛չ սյուներից, ո՛չ պատերից չի ժպտում ընտրողին, փոխարենն ասաց՝ ինձ Անիում անձամբ են ճանաչում։
Մարալիկցիները կես կատակ, կես լուրջ ասում են, թե ամեն մեկի համար մի քանի պաստառ են դրել։ Յուրաքանչյուր երկկողմանի պաստառի համար միջինը ծախսվել է 200 հազար դրամ։ «ՔՊ-ն պետության գումարներից է ճոխ-ճոխ ծախսել, ՀՀԿ-ն էլ՝ համայնքի։ Բա ժամանա՞կն էր այսքան գումարը վատնելու»,- վրդովված ասացին մարալիկցիները։
Առաջին մասնագիտությամբ բանասեր, երկրորդով՝ հոգեբան, լրագրությունը, սակայն, երրորդը չէ։ Լրագրությունը բոլոր մասնագիտություններից ամենասիրելին է։