«Դաշտից սալորը քաղել էինք, տարա շուկա, չվաճառվեց, հետ բերեցի եւ չգիտեմ ինչ անել․․․ երեւի օղի թորեմ։ «Սպայկա» ընկերությունը 80 դրամով գնում է՝ քաշի մեջ խաբելով, պոչը կտրելով. դատարկ արկղի քաշը 300 գրամ է, իրենք 800 գրամ են հաշվում, էլ ի՞նչ 80 դրամ։ Ավելին ասեմ․ փողն էլ չեն տալիս, ասում են՝ գնա՛, հետո կտանք»,- «Ալիք Մեդիա»-ին պատմում է Արարատի մարզի Արտաշատ համայնքի Այգեպատ բնակավայրի բնակիչ, այգեգործ Էդիկ Ավագյանը։
Այգեգործն այս տարի 7 տոննա սալոր ունի։ Օրեր առաջ բերքահավաք են արել, Ավագյանը բերքը տարել է շուկա, ինչպես ինքն է ասում՝ ջանով-ղուրբանով, համոզելով մի մասը դժվարությամբ վաճառել, մի մասն էլ գործարան է տարել։ Բերքի մյուս մասը մնացել է այգում, փչանում է։
«Մտածում եմ ու չգիտեմ․․․ ի՞նչ անենք, հողերը ծախե՞նք»,- երկմտում է այգեգործը։
Սալորի չվաճառվելը միակ խնդիրը չէ․ ոռոգման ջրի հետ կապված եւս խնդիրներ կան։ Արտաշատ խոշորացված համայնքի բնակիչներն արդեն մի քանի անգամ բողոքի ցույցեր են արել, ճանապարհ փակել․ գյուղացիներն ասում են՝ ոռոգման ջուր չկա, բերքը փչանում է։
Էդիկ Ավագյանն այս տարի սոխի սերմ էր գնել, ցանել։ Ոռոգման ջուրն օրերով կտրեցին, սոխն անգամ չծլեց։ Սմբուկն ու լոբին էլ չորացան։
«Բնակավայրի վարչական ղեկավարին էլ չենք կարող մեղադրել, այդ մարդն ի՞նչ անի․ այնպես չէ, որ մեր կողմերում ջուր կա, նա էլ մեզ ջուր չի տալիս։ Գյուղացի մարդ եմ, մեր տան համար լոլիկ ու վարունգ եմ գնում․ մենք չունենք։ Որ ջուր չկա, ինչպե՞ս ունենանք»,- ասում է Ավագյանը։
Նա նախկինում խաղողի այգիներ է ունեցել, բայց քանի որ խաղողը չէր վաճառվում, այգիները քանդել է։ Հետո 4 հեկտար հողատարածքում պտղատու ծառեր է տնկել։ Ավագյանն արդեն վստահ է՝ գյուղացուն միայն իր տանջանքն է մնում․․․
«Հիմա իմ մշակած որակյալ միրգը չի վաճառվում, բանջարեղենն էլ չորացավ ոռոգման ջրի բացակայության պատճառով․ ի՞նչ անենք, ինչպե՞ս անենք»,- հռետորական հարցով ասելիքն ավարտում է այգեգործը։
Այգեպատ բնակավայրի համայնքապետարանի երկրորդ կարգի մասնագետ Ռուզաննա Մանուկյանը փաստում է՝ ժամանակ առ ժամանակ ոռոգման ջրի բաժանարարները փակում են, որ ջուրը Վեդի մատակարարվի։ Այդ ընթացքում Այգեպատը գրեթե մնում է առանց ոռոգման ջրի, քանի որ բնակավայրում կա ընդամենը մեկ խորքային հոր՝ մոտ 180 մետր խորությամբ, որից ստացված ջուրը շատ քիչ է։
«Վայրկյանում 10-12 լիտր ջուր ենք ստանում այդ խորքային հորից, որը շատ քիչ է։ Իսկ երբ ոռոգման ջուրը 7-10 օրով անջատում են, այդ ընթացքում բանջարեղենը, ցավոք, չորանում է»,- գյուղացիների հոգսերից է պատմում Ռուզաննա Մանուկյանը։
Բանջարեղենի արտերը հարկավոր է երկու-երեք օրը մեկ ջրել։ Այգեպատում եղել են հողատարածքներ, որտեղ նորատունկ ծառեր են եղել․ դրանք եւս չորացել են։
«Ես էլ պոմիդորի արտ ունեմ։ Մինչեւ հուլիս լավ վիճակում էր, մտածում էինք՝ որակյալ բերք ենք ստանալու, բայց հուլիս-օգոստոսին բերքը փչացավ, քանի որ ոռոգման ջրի անջատումներ եղան։ Վարունգի վեգետացիոն շրջանը կարճատեւ է, վարունգի արտերն էլ ամբողջապես չորացան։ Ոմանք էլ խոտհարքներ ունեին, դրանք էլ չորացան»,- հիշում է Ռուզաննա Մանուկյանը։
Արարատի մարզի Արտաշատ համայնքի Այգեզարդ բնակավայրի վարչական ղեկավար Ազատ Ավետիսյանը պատմում է՝ օրեր շարունակ ջրամբարը դատարկ էր, ուստի իրենց բնակավայրում գտնվող բանջարեղենի արտերի մի մասը չորացավ։ Կառավարությունում էլ գիտեն այս խնդրի մասին, բայց այն այդպես էլ չի լուծվում։
«Ոռոգման ջրի այս խնդիրը լուծելու համար Կառավարությունը պիտի աշխատանքներ կատարի․ մենք այդ հարցում անզոր ենք»,- ընդգծում է Ազատ Ավետիսյանը։
Այս օրերին Այգեզարդում եւս գյուղացիների համար ամենացավալի խնդիրներից մեկն այն է, որ սալորը չեն կարողանում վաճառել։ Այգեզարդում կան այգեգործներ, որոնք տոննաներով սալոր ունեն եւ բերքի կեսն անգամ չեն կարողանում վաճառել։
Սալորը «Սպայկա» ընկերությունը սկզբում գնում էր 150 դրամով, հետո՝ 100, իսկ հիմա 80 դրամով է մթերում։ Շուկայում եւս մի կերպ 80-100 դրամով է սալորը վաճառվում։ Որոշ դեպքերում էլ բերքը մնում է արտում, փչանում։
«Եթե հաշվենք, թե գյուղացին որքան գումար է ծախսել այդ պտղատու այգին մշակելիս, վստահաբար կարելի է ասել՝ այգելգործը, սալորը 80 դրամով վաճառելով, իր ծախսած գումարն էլ չի կարող հանել, էլ չեմ խոսում նրա աշխատանքների մասին՝ բուժելը, էտելը, քաղելը եւ մյուս աշխատանքները․․․․ Երբ այդ ամենը հաշվում ենք, տեսնում ենք՝ գյուղացին ոչ միայն շահույթ չի ստանում, այլեւ վնասով է դուրս գալիս»,- եզրափակում է Արգեզարդի վարչական ղեկավարը։
Լրագրողն իր մասնագիտական գործունեությամբ հասարակական կարծիք է ձեւավորում։ Հենց ա՛յդ գիտակցումով եմ առաջնորդվում եւ աշխատում։