«Ավտոմոբիլային եւ երկաթուղային հաղորդակցության բացումը նախադրյալներ կստեղծի Ռուսաստանից 4,5-5 մլրդ դոլարի ներդրումների հոսքի համար»,- օրեր առաջ Երեւանում անցկացված Հայ-ռուսական միջտարածաշրջանային համաժողովում նման կարծիք է հայտնել ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։
Տարածաշրջանում հաղորդակցության ուղիների ապաշրջափակումը նախատեսված է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետով։ Ենթադրվում է, որ եթե բացվեն Հայաստան-Ադրբեջան, Հայաստան-Թուրքիա ճանապարհները, տնտեսական զարգացումների մեծ հեռանկարներ կառաջանան, եւ առաջինը հենց Ռուսաստանը՝ այդ փաստաթղթի միջնորդն ու երաշխավորը, կփորձի օգտվել ստեղծվող հնարավորություններից։ Հատկապես որ նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետի համաձայն՝ տրանսպորտային հաղորդակցության հսկողությունը պետք է իրականացնեն ՌԴ ԱԴԾ սահմանապահ ծառայության մարմինները։
Ներդրումներ կանի, որ հետո ավելի մեծ գումարներ, ինչու չէ, նաեւ տարածաշրջանային զարգացումների վրա հավելյալ ազդեցության լծակներ ստանա։ Հատկապես որ տասնամյակներ շարունակ եղել է Հարավային Կովկասում ամենաազդեցիկ տերությունը։
Բայց հետպատերազմական մեր իրողություններում ներդրումների այդ խոստումը կարծես թե ավելի շուտ Մոսկվայից հնչող կաշառքի առաջարկ լինի՝ ուղղված Երեւանին ոչ թե պարզապես տարածաշրջանային հաղորդակցության ուղիների բացման, այլ Ադրբեջանը Նախիջեւանին, ավելի ճիշտ՝ Թուրքիային կապող միջանցքի տրամադրման համար։ 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանն ու Թուրքիան Հայաստանից «Զանգեզուրի միջանցք» են պահանջում, դա ստանալու համար նույնիսկ անցած տարվա մայիսին ու սեպտեմբերի 13-ին հարձակվել են Հայաստանի վրա, տարածքներ գրավել Սյունիքի, Եղեգնաձորի ու Գեղարքունիքի մարզերից՝ սպառնալով նորից հարձակվել։
Ոչ միայն ՀԱՊԿ-ը, այլեւ ՌԴ-ն չկատարեց Հայաստանի նկատմամբ իր պայմանագրային պարտավորությունները, չփորձեց ազերիներին դուրս հանել մեր երկրի սահմաններից։ Նաեւ այդ պատճառով է, որ կան կարծիքներ, թե միջանցքն իրականում Ռուսաստանն է ցանկանում, որ դրան հասնելու համար հենց ՌԴ-ն է Ադրբեջանին մղում գնալու ագրեսիայի։ Ուկրաինայի վրա հարձակվելուց հետո Արեւմուտքը փակեց օդային ու ցամաքային ճանապարհները ՌԴ-ի առաջ, եւ մեր ռազմավարական գործընկերոջը Ադրբեջանի տարածքով եւ այդ միջանցքով դեպի Թուրքիա ցամաքային կապ է պետք։
Ադրբեջանը Նախիջեւանի հետ կապ ունի Իրանի տարածքով, իսկ Թուրքիան Նախիջեւանի հետ փոքր սահման ունի, որը շուրջ հարյուր տարի առաջ ստացել է Իրանից տարածքների փոխանակման արդյունքում։ Թուրքիայի հետ ցամաքային կապ չունի ՌԴ-ն ու դա ցանկանում է ստանալ Ադրբեջանի տարածքով, այդ միջանցքով եւ Նախիջեւանով։ Այսինքն՝ Հայաստանի տարածքով այդ միջանցքը որքան Ադրբեջանին ու Թուրքիային է անհրաժեշտ, նույնքան կամ ավելի շատ՝ Ռուսաստանին։ Նման պայմաններում 4,5-5 մլրդ դոլարի ներդրումների մասին Օվերչուկի այս խոստումը կարծես թե միջանցք ստանալու համար Հայաստանի իշխանություններին ուղղված հերթական քայլն է, որը ոչ թե կոշտ, պատերազմական մեթոդ է, այլ գայթակղիչ առաջարկ։
Մյուս կողմից՝ միլիարդավոր դոլարների խոստումով Ռուսաստանը կարծես թե նպատակ ունի սիրաշահելու Հայաստանի ժողովրդին պատերազմից հետո իր նկատմամբ առաջացած անվստահության ու դժգոհության համար։
Հավանաբար հենց այդ նպատակով էլ Հայ-ռուսական տնտեսական ֆորումին մասնակցելու համար բազմաթիվ ներկայացուցիչներ է գործուղել Հայաստան։ Նրանցից մեկն էլ՝ ՌԴ տնտեսական զարգացման նախարարի տեղակալ Դմիտրի Վոլվաչը, Օվերչուկի հայտարարությունից հետո Հանրային հեռուստաընկերության եթերում իր հերթին խոստանում էր, որ իրենց գործարարները ցանկանում են ներդրումներ կատարել Հայաստանում։
Ի դեպ, այդ ֆորումն արդեն 9-րդ անգամն է անցկացվում, բազմաթիվ խոստումներ են տրվել, բայց երբեւէ ՌԴ-ն այստեղ որեւէ լուրջ ներդրում չի արել։ ՌԴ-ի դարակազմիկ խոստումները, թե Հայաստանում նոր ատոմակայան կկառուցի, երկաթուղային ոլորտը կզարգացնի, ՀԷՑ-ը կարդիականացնի, համակարգեր, որոնք իր ազդեցության տակ են, մնացել են թղթի վրա։
Հավանաբար դա էր պատճառը, ինչպես նաեւ Ադրբեջանի հարձակումների հետեւանքով Ռուսաստանի նկատմամբ առաջացած դժգոհությունների ու դրանց արդարացի լինելու գիտակցումը, որ Դմիտրի Վոլվաչն իր երկրի հերթական խոստումները թվարկելիս չէր կարողանում ուղիղ նայել, անընդհատ հայացքը խոնարհում էր, փախցնում։
Նա լավ գիտեր, որ ներդրումներ անհրաժեշտ են ծանր կացության մեջ հայտնված իր երկրին, եւ հազիվ թե իրենք կարողանան Հայաստան փող բերել։ Իսկ եթե անգամ որեւէ գործարար ցանկանա ներդրում անել Հայաստանում, ապա պատերազմող երկիր գալուց առաջ շատ երկար կմտածի։ Պատերազմող երկրից փողը փախչում է։ ՌԴ-ում դա լավ գիտեն։ «Ես հույս ունեմ, որ ներդրումներ կլինեն։ Վստահ եմ, որ ՌԴ-ն հետաքրքրված է Հայաստանում ատոմակայան կառուցելով»,- անվստահորեն ասում էր Վոլվաչը՝ հասկանալով, որ այդ ներդրումները չեն լինելու։
Լրագրող եմ, գրում եմ քաղաքականության եւ տնտեսության մասին։ Սիրում եմ, երբ այդ երկուսը միախառնված են, եւ հնարավոր չի լինում հասկանալ՝ քաղաքական շահե՞րն են որոշում տնտեսական զարգացումները, թե՞ տնտեսական շահերն են որոշում քաղաքական զարգացումները։