ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի պաշտոնական տվյալներով՝ Հայաստանի 18 համայնքներում սեպտեմբերի 25-ին անցկացված ՏԻՄ ընտրություններին մասնակցել է քվեարկելու իրավունք ունեցող 236 հազար 724 քաղաքացիների 50,47%-ը։
Առավել ակտիվ են եղել Քաջարանի ընտրողները, մասնակցել է նրանց 77,77%-ը, նվազագույն մասնակցություն գրանցվել է Ջրվեժում՝ 27,20%։
Ըստ ՀՀ ԿԸՀ-ի՝ Հայաստանի Հանրապետության 8 մարզերի 17 համայնքներում տեղական ինքնակառավարման մարմինների համամասնական ընտրակարգով ընտրություններին մասնակցելու համար դիմել էին 15 կուսակցություն եւ կուսակցությունների 12 դաշինք:
Տարածքային ընտրական հանձնաժողովները տեղական ինքնակառավարման մարմինների համամասնական ընտրակարգով ընտրություններին գրանցել են 14 կուսակցություն եւ կուսակցությունների 12 դաշինք: Մերժվել է միայն Արգածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքում առաջադրված Նժդեհյան ցեղակրոն կուսակցության գրանցումը, քանի որ, բացի դիմումից, կուսակցությունը որեւէ փաստաթուղթ, այդ թվում՝ ընտրական ցուցակ, չի ներկայացրել:
2022-ի սեպտեմբերի 25-ի տեղական ինքնակառավարման մարմինների համամասնական ընտրակարգով ընտրություններին գրանցվել է՝ 1 թեկնածու 2 համայնքում՝ Ջրվեժ, Ճամբարակ, 2 թեկնածու 3 համայնքում՝ Տաշիր, Ակունք, Արենի, 3 թեկնածու 7 համայնքում՝ Գյուլագարակ, Լոռի Բերդ, Չարենցավան, Անի, Քաջարան, Եղեգիս, Բերդ, 4 թեկնածու 3 համայնքում՝ Ծաղկահովիտ, Ալավերդի, Բյուրեղավան, 5 թեկնածու 1 համայնքում՝ Թալին,7 թեկնածու 1 համայնքում՝ Սիսիան: