Ըստ բրիտանական The Guardian-ի՝ Մեծ Բրիտանիայի վարչապետ Լիզ Թրասը մտադիր է վերանայել ներգաղթի քաղաքականությունը եւ որոշակիորեն մեղմացնել ներգաղթի կանոնները, քանի որ բրիտանական տնտեսության առանցքային ոլորտներում աշխատուժի պակաս կա։ Նա մասնավորապես ընդլայնելու է դեֆիցիտային մասնագիտությունների ցանկը, որոնց վրա տարածվում են ներգաղթի դյուրացված կանոնները։ Դա բրիտանացի գործատուներին հնարավորություն կտա արտերկրից աշխատակիցներ ներգրավելու՝ խուսափելով բյուրոկրատական քաշքշուկից։
Financial Times-ը հայտնել է, թե չի բացառվում, որ մեղմացվի վիզա ստանալու համար անհրաժեշտ անգլերենի իմացության պահանջը։ Բացի դրանից՝ բրիտանական կառավարությունը մտադիր է վերացնել սահմանափակումները գյուղատնտեսական աշխատանքներում արտերկրից սեզոնային աշխատուժի ներգրավման հարցում։ Կհանվի նաեւ առավելագույնը 40 հազար վիզայի տրամադրման վերին շեմը եւ մինչեւ 6 ամիս առավելագույն ժամկետով Մեծ Բրիտանիայում գտնվելու պայմանը։ Փոփոխությունների մասին կազդարարվի առաջիկա շաբաթներին։
Բիզնես համայնքն արդեն հավանություն է տվել նախագծին։ Սակայն Թրասի որոշ գործընկերներ կարող են դեմ արտահայտվել նախարարների կաբինետում, քանի որ հենց հականերգաղթային տրամադրությունները նպաստեցին Մեծ Բրիտանիայում 2016-ի՝ ԵՄ-ից դուրս գալու հանրաքվեին։
Պատրաստեց Արման Գրիգորյանը