Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական եւ Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնների նոր թատերաշրջանի մեկնարկը տրվեց Ուիլյամ Գիբսենի «Հրաշագործը» համատեղ ներկայացումով:
Նախկինում Գյումրու դրամատիկականի եւ այլ թատրոնների համագործակցության արդյունքում բազմաթիվ ներկայացումներ էին բեմադրվել, դերասաններ կամ ռեժիսորներ հրավիրվել: Այս անգամ, սակայն, ներկայացումը հավասարապես երկու թատրոններինն էր: Բեմադրությունը ՀՀ ժողովրդական արտիստ, պրոֆեսոր Նիկոլայ Ծատուրյանինն է: Գլխավոր դերակատարը ՀՀ վաստակավոր արտիստ, Համազգային թատրոնի գեղարվեստական ղեկավար Նարինե Գրիգորյանն է:
«Թատրոնը կարեւոր առաքելություն ունի, մենք միշտ պետք է լինենք մեր խրամատներում, ու մեր վարագույրը պարտավոր է բացվել»,- ներկայացումից առաջ ասաց Գյումրու թատրոնի տնօրեն, գեղարվեստական ղեկավար Լյուդվիգ Հարությունյանը:
«Ներկայացումը կարեւոր թեմա է արծարծում: Մեզ կիրթ ու գիտակից հասարակություն կրթել է պետք, որ հասկանան, թե ինչ կարեւոր են կրթությունն ու իրական հայրենասիրությունը»,- ասաց Նիկոլայ Ծատուրյանը:
Ներկայացումը բեմադրվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության եւ «Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպության աջակցությամբ:
Առաջին մասնագիտությամբ բանասեր, երկրորդով՝ հոգեբան, լրագրությունը, սակայն, երրորդը չէ։ Լրագրությունը բոլոր մասնագիտություններից ամենասիրելին է։