Ըստ «Ալիք Մեդիա Վրաստան»-ի՝ Մոսկվան դիտարկում է Ուկրաինայի դեմ պատերազմելու նպատակով ոչ միայն ռուսների, այլեւ Վրաստանից չվերահսկվող Աբխազիայի ու Ցխինվալի շրջանի բնակիչների զորահավաքի հնարավորությունը։
Որոշ տեղեկություններով՝ Աբխազիայի ու Ցխինվալի շրջաններից ամենայն հավանականությամբ կզորակոչվի մի քանի հազար մարդ:
Ռուսաստանում շարունակվում են ցույցերն ընդդեմ զորահավաքի
Ըստ «Ազատություն» ռադիոկայանի՝ Ռուսաստանում շարունակվում են բողոքի ցույցերն ընդդեմ Ուկրաինայի դեմ պատերազմի զորահավաքի: Դաղստանի մայրաքաղաք Մախաչկալայում հակամոբիլիզացիոն ցույցերի ժամանակ ոստիկանությունը ձերբակալել է ավելի քան 100 ցուցարարի: ՌԴ այս հանրապետությունում մարդիկ փակել են մայրուղին եւ վանկարկել «ո՛չ պատերազմին», իսկ ուժայիններն օդ են կրակել:
Խասավյուրտի մոտակայքում գտնվող Էնդիրեյ մեծ գյուղի բնակիչները, բողոքելով զորահավաքի դեմ, փակել են Խասավյուրտ-Մախաչկալա մայրուղին։ Ավելի ուշ Մախաչկալայում սկսվել է բողոքի ցույց՝ հիմնականում կանանց մասնակցությամբ։ Յակուտիայում նույնպես հրապարակում ցույց է անցկացվել։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ սեպտեմբերի 21-ին հայտարարած «մասնակի զորահավաքի» մասին հրամանագրի հանրությանը հասանելի հատվածում չեն սահմանվել այն պարամետրերը, ըստ որոնց՝ ուրվագծվում է «մասնակի» զորահավաքը:
Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտնել էր, որ ՌԴ-ում հայտարարված մասնակի զորահավաքի ընթացքում կզորակոչվեն 300 հազար պահեստազորայիններ։ «Ռուսաստանն ունի զորակոչային հսկայական ռեսուրս՝ գրեթե 25 միլիոն մարդ։ Դրանց 1%-ից մի փոքր ավելին է ներգրավվելու մասնակի զորակոչին»,- ասել է Շոյգուն։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 215-րդ օրը։
Միշելը մարդասիրական վիզա է առաջարկել, Պուտինը խստացրել է դասալքության համար պատիժը
Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը ամերիկյան Politico պարբերականին տված հարցազրույցում աջակցություն է հայտնել զորահավաքից խուսափող ռուսաստանցիներին եւ հանդես է եկել մարդասիրական վիզաներ տրամադրելու նախաձեռնության օգտին։ Նա հավելել է, որ պատրաստ է այդ հարցը քննարկելու ԵՄ գործընկերների հետ։ Ըստ նրա՝ Եվրամիությունը պետք է «անկեղծություն ցուցաբերի» Ռուսաստանից հեռանալ ցանկացողների նկատմամբ։
Եվրահանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Էրիկ Մամերն իր հերթին ասել էր, որ Եվրահանձնաժողովը կքննարկի իր սահմաններին հնարավոր գործողությունները՝ կապված Ուկրաինայի շուրջը ստեղծված իրավիճակի եւ Ռուսաստանի Դաշնությունում մասնակի զորահավաքի հետ:
Ռուսաստանի քրեական օրենսգրքում կատարված մի շարք լրացումներով խստացվել են դասալքության համար սահմանված պատիժները, պատիժ է սահմանվում նաեւ կամավոր կերպով գերի հանձնվելու համար։ Մասնավորապես, ռազմական գործողությունների ընթացքում սեփական կամքով գերի հանձնվելու համար սահմանվում է 3-10 տարվա ազատազրկում։ Զորահավաքի եւ ռազմական դրության պայմաններում 2-10 օրով զորամասը լքելու համար պատիժ է սահմանվում մինչեւ 5 տարվա ազատազրկումը՝ նախկինում գործող մեկ տարվա փոխարեն։