Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակից հայտնել են, որ Ադրբեջանի կառավարությունը Եվրոպական դատարանից խնդրել է լրացուցիչ ժամանակ ռազմագերիների մասին ամբողջական տեղեկություն տրամադրելու համար։
Ի պատասխան Ադրբեջանի դեմ Եվրոպական դատարան ներկայացված միջանկյալ միջոց կիրառելու մասին ՀՀ Կառավարության մի շարք պահանջների՝ Ադրբեջանի կառավարությունը ռազմագերիների մասին ամբողջական տեղեկություն տրամադրելու համար Եվրոպական դատարանից լրացուցիչ ժամանակ է խնդրել։ ՄԻԵԴ-ը բավարարել է խնդրանքը։ Ադրբեջանի համար նշանակված նոր վերջնաժամկետը սեպտեմբերի 29-ն է:
Հայաստանը սեպտեմբերի 13-ին դիմել էր Եվրոպական դատարան՝ պահանջելով միջանկյալ միջոցներ կիրառել ընդդեմ Ադրբեջանի: Ներկայացված դիմումները վերաբերում են Հայաստանի քաղաքացիական բնակավայրերի թիրախավորմանը, քաղաքացիական բնակչության եւ ռազմագերիների հիմնարար իրավունքների պաշտպանությանը:
Եվրոպական դատարանից պահանջել են նաեւ կիրառել իր կանոնադրության 39-րդ կանոնի 2-դ կետը եւ անհապաղ ծանուցել որոշման մասին ԵԽ Նախարարների կոմիտեին:
Գերիների տեսանյութերի մասով ՄԻԵԴ-ը հարցում էր արել Ադրբեջանին արդեն սեպտեմբերի 13-ի դրությամբ նույնականացված 1 գերու եւ տեսանյութերում երեւացող մյուս չնույնականացված գերիների մասով (գտնվելու վայրի, պահման պայմանների, առողջական վիճակի մասին)՝ ժամկետ տալով մինչեւ սեպտեմբերի 22-ը։