Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Թուրքիան չի ճանաչում Դոնբասի, Խերսոնի եւ Զապորոժիեի շրջանների հանրաքվեների արդյունքները:
«Հայտարարել ենք եւ շարունակում ենք հայտարարել Ռուսաստանի Դաշնությանը, որ չենք ճանաչում Ղրիմի անեքսիան։ Չենք ճանաչում Ուկրաինայի տարածքում տեղի ունեցող հանրաքվեների արդյունքները, արդեն հայտնել ենք մեր մտահոգությունն ու դիրքորոշումն այս հարցի շուրջ»,- ասել է Չավուշօղլուն Տոկիոյում Ճապոնիայի մամուլի ազգային ակումբում անցկացված ասուլիսում։
Ղազախստանի ԱԳՆ-ում էլ մեկնաբանելով Դոնբասում, Խերսոնի եւ Զապորոժիեի շրջաններում հանրաքվեների անցկացումը` հայտարարել են, որ Ղազախստանն առաջնորդվում է պետությունների տարածքային ամբողջականության եւ նրանց ինքնիշխան իրավահավասարության սկզբունքներով:
Ռուսաստանին միանալու հանրաքվեն Դոնբասում, ինչպես նաեւ Խերսոնի եւ Զապորոժիեի մարզերում սկսվել է սեպտեմբերի 23-ին։ Քվեարկությունը կշարունակվի մինչեւ սեպտեմբերի 27-ը ներառյալ։