Ամերիկյան CBS-ին տված հարցազրույցում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն ասել է, որ ԱՄՆ-ը մշակել է գործողությունների ծրագիր, եթե Ռուսաստանը փորձի միջուկային զենք կիրառել։ Պետքարտուղարը մանրամասներ չի ներկայացրել: Նա նաեւ ընդգծել է, որ Միացյալ Նահանգների նպատակը հակամարտության ընդլայնումը կանխելն է։ Պետքարտուղարը հավելել է, որ ներկայում կուլիսային բանակցություններ չեն ընթանում Ուկրաինայի հակամարտության կարգավորման ուղղությամբ:
Բլինքենը հաստատել է, որ Վաշինգտոնը մասնավոր կապ է հաստատել Կրեմլի հետ միջուկային պատերազմի սպառնալիքի առնչությամբ: «Շատ կարեւոր է, որ Մոսկվան մեզնից լսի եւ մեզնից տեղեկանա, որ նման քայլի հետեւանքները սարսափելի կլինեն։ Եվ մենք դա շատ պարզ հասկացրինք»,- շեշտել է Միացյալ Նահանգների պետքարտուղարը:
Ըստ «Ազատություն» ռադիոկայանի՝ Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանն ավելի վաղ NBC-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ եթե Ռուսաստանը հատի «կարմիր գիծը», Միացյալ Նահանգները վճռական պատասխան կտա: Ըստ նրա՝ Մոսկվան «աղետալի հետեւանքների» կբախվի, եթե միջուկային զենք օգտագործի Ուկրաինայի դեմ, քանի որ Միացյալ Նահանգները պատրաստ է խստորեն արձագանքելու նման քայլին։
Սպիտակ տան անվտանգության հարցերով խորհրդականը չի հստակեցրել, թե ինչ ասել է «վճռական պատասխան», սակայն նշել է, որ Վաշինգտոնը Մոսկվային ավելի մանրամասն հայտնել է, թե դա ինչ է նշանակում: Սալիվանը շեշտել է, որ եթե Մոսկվան շարունակի առաջխաղացումը, Միացյալ Նահանգներն էլ կշարունակի ուկրաինական կողմին տրամադրել զենք, զինամթերք, ինչպես նաեւ հետախուզական տվյալներ: