Մեծագույն ծուղակներից մեկն է սահմանների դելիմիտացիայի եւ դեմարկացիայի հանձնաժողովը, որը ստեղծվեց Ռուսաստանի աջակցությամբ 2021 թվականի նոյեմբերի 26-ին Սոչիում ձեռք բերված համաձայնությամբ: Այդ հանձնաժողովի գործունեության ամեն օրը կարող է թանկ նստել Հայաստանի վրա: Եվ ահա թե ինչու:
Վերջերս Մերձավոր Արեւելքի եւ Կովկասի երկրների հարցերով ռուսաստանցի փորձագետ Ստանիսլավ Տարասովը հայկական կայքերից մեկին տված հարցազրույցում շատ հանգիստ բացատրում էր, թե ինչու ՀԱՊԿ-ը չխառնվեց եւ չէր էլ կարող խառնվել, երբ ինքնիշխան Հայաստանի վրա հարձակվեց Ադրբեջանը:
Ռուս փորձագետն ասում է. «Հայերն ընդունել են փաստը, որ սահմանների դեմարկացիան անհրաժեշտ է։ Ի՞նչ է սա նշանակում։ Որ սահմանները Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ կանոնակարգված չեն։ Դուք դա ընդունել եք։ Կոպիտ ասած՝ Ա բարձունքը դուք ձերն եք համարում, իսկ նրանք՝ իրենցը։ Ադրբեջանն է որոշում` դիվանագիտական մակարդակո՞ւմ բանավիճել, թե՞ ուժի կիրառմամբ վերցնել այդ բարձունքը եւ այլն։ Երեւանի տեսանկյունից, որն իրենն է համարում այդ Ա բարձունքը, սա ագրեսիա է։ Ադրբեջանի տեսանկյունից դա սահմանների ճշգրտում է։ Միջազգային իրավունքի տեսանկյունից սա ագրեսիա չէ, որովհետեւ եթե դուք պաշտոնապես ընդունել եք սահմանների դելիմիտացիայի փաստը, հետեւապես պետք է սպասել հանձնաժողովի աշխատանքի արդյունքներին»:
Նույնիսկ կարիք չկա մեկնաբանելու աղետը, որը կախվել է մեր գլխին միայն այն պատճառով, որ մենք ընդունել ենք դելիմիտացիայի եւ դեմարկացիայի հանձնաժողովի փաստը:
Ի՞նչ է ստացվում Տարասովի ասածով: Ստացվում է, որ Ադրբեջանը լեգիտիմ իրավունք ունի ամեն օր Հայաստանից մի կտոր պոկելու, քանի դեռ այդ հանձնաժողովն իր աշխատանքները չի ավարտել: Այսինքն՝ Ադրբեջանն ամեն օր իրավունք ունի որոշելու, թե Հայաստանի որ կտորն է իրենը, ու գրավելու այդ կտորը, քանի դեռ դելիմիտացիոն հանձնաժողովն աշխատանքները չի ավարտել ու չի որոշել, թե ումն է արդեն Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող կտորը:
Մի վրիպում է թույլ տվել վարչապետ Փաշինյանը: Նա ասում է՝ թող Ադրբեջանը ցույց տա Հայաստանի այն քարտեզը, որով ուզում է դեմարկացիա անել: Բանն այն է, որ այդ քարտեզը Ադրբեջանը ցույց կտա միայն այն ուժով վերագծելուց հետո: Ադրբեջանը կարող է Հայաստանին ներկայացնել հենց այսօրվա քարտեզ, որում Սեւ լիճն ամբողջությամբ անցել է իր վերահսկողության տակ, մասամբ վերահսկվում է Իշխանասարը, Վարդենիսի մի շարք բարձունքներ: Դելիմիտացիայի հանձնաժողովը նույնն է, ինչ ցեղասպանության փաստով հայ-թուրքական հանձնաժողովը:
Հետեւաբար ի՞նչ էր պետք անել մինչեւ հանձնաժողովի ստեղծումը: Դելիմիտացիայի հանձնաժողովը պետք է ստեղծվեր չհարձակման մասին պայմանագրով: Այդպիսի մի պայմանագիր, իհարկե, չխանգարեց, որ 1941-ին ֆաշիստական Գերմանիան հարձակվի Խորհրդային Միության վրա: Բայց փաստն այն է, որ չի կարող հանձնաժողովը աշխատել ագրեսիայի սպառնալիքի կամ ագրեսիայի պայմաններում: Հայաստանը դրանից միայն կկորցնի:
Ժամանակի ընթացքում հասկանում ես, որ Աստված քեզ ստեղծել է այնպիսին, որ ինքը լինի: Ճիշտ այդպես նա ստեղծել է փողոցային շանը: Երբ դու կերակրում ես նրան, Աստված կա, երբ չես կերակրում, չկա, հասկանում ես, որ մարմինն արդեն իսկ հնարավորություն է, երկրորդ այդպիսի հնարավորություն չի լինելու: