Ադրբեջանի վերջին ագրեսիայի վերաբերյալ ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանատունը նշել է, որ Միացյալ Թագավորության կառավարությունը, ներառյալ Վիեննայում ԵԱՀԿ-ում մեր միջնորդության ժամանակ, հստակ հասկացրել է, որ զինված ուժերը պետք է հետ քաշվեն այն դիրքերը, որտեղ նրանք գտնվում էին մինչեւ ռազմական գործողությունների սկսվելը:
Ըստ «Առաջինի լրատվական ալիք»-ի՝ դեսպանատունը համոզմունք է հայտնել, որ հակամարտությունը լուծելու միակ ճանապարհը դիվանագիտությունն է: Դատապարտելով քաղաքացիական տարածքների թիրախավորումը բոլոր հակամարտությունների ժամանակ՝ ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանատնից նշել են, որ իրենք մտքով վերջին բռնությունների հետեւանքով զոհվածների կամ վիրավորների ընտանիքների հետ են։
Մեծ Բրիտանիայի կառավարությունը ողջունել է ռազմագերիների եւ մահացածների աճյունները վերադարձնելու կապակցությամբ եւ կողմերին կոչ արել քննարկելու մյուս բոլոր ռազմագերիների եւ մահացածների աճյունների վերադարձի հարցը։
«Խոշտանգումների մասին հաղորդումները չափազանց մտահոգիչ են, եւ պահանջվում է համապատասխան մարմինների մանրակրկիտ հետաքննություն»,- նշված է Երեւանում Միացյալ Թագավորության դեսպանատան հաղորդագրության մեջ: