Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին սեպտեմբերի 25-ի երեկոյան ռուսերեն կոչով դիմել է ռուսաստանցիներին՝ հորդորելով նրանց չմասնակցել ՌԴ իշխանությունների հայտարարված մասնակի զորահավաքին: Զելենսկին ռուսաստանցիներին խորհուրդ է տվել փախուստի դիմել կամ հանձնվել ուկրաինական կողմին: Ուկրաինայի նախագահի համոզմամբ՝ «որքան շատ ՌԴ քաղաքացիներ ձգտեն պաշտպանելու սեփական կյանքը, այնքան շուտ կավարտվի Ռուսաստանի հանցավոր պատերազմն Ուկրաինայի ժողովրդի դեմ»։
ՌԴ սահմանները փակելու որոշում չկա. Պեսկով
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ մասնակի զորահավաքի պատճառով Ռուսաստանի սահմանների փակման մասին ոչ մի որոշում չկա: Ավելի վաղ լրատվամիջացներում տեղեկություն էր տարածվել, թե հնարավոր է` մասնակի զորահավաքի կապակցությամբ երիրի սահմանները փակվեն։
Դմիտրի Պեսկովը հայտարարել է նաեւ, որ ՌԴ մի շարք մարզերում ռազմական դրություն մտցնելու վերաբերյալ որոշում չի կայացվել։ Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը հավելել է, որ մասնակի զորահավաքի անցկացման ժամանակ խախտումներ են արձանագրվել։ Նա նշել է, որ որոշ մարզերում ղեկավարներն ակտիվորեն աշխատում են իրավիճակը շտկելու համար։