Անահիտ Մանուչարյանի հիմնած զբոսաշրջային գործակալությունը 2020 թվականին կորոնավիրուսի համավարակի պատճառով դադարեց գործելուց, եւ նա որոշեց նոր բիզնես սկսել։ Նախկինում զբոսաշրջային գործակալությունը ղեկավարելու հետ Անահիտը առցանց վաճառքով էր զբաղվել, պայուսակներ էր ներկրել ու վերավաճառել։ Այս անգամ որոշեց պայուսակների արտադրություն հիմնել ու ստեղծել հայկական նոր ապրանքանիշ, որը կունենար որակյալ արտադրանք, թրենդային կդառնար, իսկ գինը մատչելի կլիներ։
«Սկսեցի սովորել ինչպես կարելի է պայուսակ մոդելավորել, կարել։ 2020 թվականի հուլիսին առաջին քայլերն արեցի՝ ստեղծելով «Պռավիզզ» ապրանքանիշը։ Օգոստոսին արդեն մեր արտադրամասն ունեինք, թիմն էլ համալրվեց։ Կարծրատիպ կա, թե կանայք չեն կարող կաշին ձեւել, մշակել, մենք այդ կարծրատիպն էլ կոտրեցինք։ Հիմա մեր թիմում աշխատում են կանայք, որոնք մուրճով աշխատում են, նուրբ ձեռքերով գեղեցիկ պայուսակներ ստեղծում»,- ասում է Անահիտ Մանուչարյանը։
Նա արմատներով տավուշցի է, եւ քանի որ հարազատ բարբառով պայուսակը երբեմն պռավիզ են անվանում, որոշեց իր ստեղծած ապրանքանիշը հենց այդպես անվանել։ Սկզբում մասնագետներ գտնելը դժվար էր, քանի որ Հայաստանում պայուսակների արտադրությունը զարգացած չէ։ Բայց Անահիտը գտավ այնպիսի մարդկանց, որոնք պատրաստ էին սովորելու եւ որակյալ արտադրանք ստեղծելու։ Աստիճանաբար աշխատանքը հունի մեջ մտավ։ Սկզբում Անահիտը իրենց արտադրած պայուսակները առցանց հարթակներով էր վաճառում, այնուհետեւ որոշ խանութներից համագործակցության առաջարկով դիմեցին։
«Հիասթափության պահեր էլ են եղել, որոշ մոդելներ կարում էինք ու այնքան էլ չէինք հավանում, բայց ջանում էինք մեր սխալների վրա սովորել ու կատարելագործվել։ Հիմա պահանջարկն ավելացել է, արտադրության ծավալները պետք է մեծացնենք, ուստի փնտրում ենք նոր աշխատակիցների»,- ասում է Անահիտը։
Նախատեսվում է առաջիկայում «Պռավիզզ»-ի պայուսակներն արտահանել, ուստի այն հատուկ սերտիֆիկացում է անցնելու։ Շուտով հայկական այս ապրանքանիշի ստեղծած պայուսակները կվաճառվեն նաեւ ռուսական «Վայլդբերիզ» (Wildberries) առցանց վաճառքի հարթակում։
Որոշ մոդելներ ստեղծելիս հայկական տարրեր են ավելացնում՝ հայերեն տառեր կամ զարդանաշխեր են ասեղնագործում։ Առավել պահանջված են այն պայուսակները, որոնց դիզայնը յուրահատուկ է ու բավական նման հայկական հին խուրջիններին։ Այդ պայուսակները փակվում են հատուկ թելով։ «Պռավիզզ»-ի հիմնադիրը պատրաստվում է մեկնելու Մոսկվա՝ վերապատրաստվելու, որպեսզի առաջիկայում արտադրատեսակներն ընդլայնվեն, իսկ ստացած գիտելիքները Հայաստան վերադառնալուց հետո փոխանցի թիմի անդամներին։
Անժելա Գրիգորյանը, որ մասնագիտությամբ մանկավարժ է, երկար տարիներ աշխատել է որպես կոշիկի ձեւարար։ Նա ասում է՝ պայուսակների արտադրությունում իր գիտելիքները շատ օգնեցին։ Հիմա արդեն պայուսակներ է ձեւում, երբեմն էլ մտմտում ու նոր մոդելների էսքիզներ է պատրաստում։
Արմինե Կարապետյանն էլ մասնագիտությամբ էկոլոգ-քիմիկոս է։ Նա նաեւ դերձակ է եւ մինչ «Պրավիզզ»-ի թիմին միանալը անկողնային պարագաներ էր կարում։ «Պռավիզզ»-ի թիմին միանալուց հետո վերապատրաստվել է, հատուկ մեքենաներով պայուսակներ կարել է սովորել․ արդեն վարպետացել է։ Ասում է՝ երբեք չէր պատկերացրել, որ կարող է պայուսակների արտադրամասում աշխատել, հիմա արդեն իր օրը չի պատկերացնում առանց սիրելի աշխատանքի։
Արտադրանքի հումքը չինական կամ պարսկական է։ Թեեւ ապրանքը որակյալ է, այդուամենայնիվ, հայկական այս ապրանքանիշը մի սկզբունք է որդեգրել․ գները պետք է հասանելի լինեն գնորդների համար։
«Հումք ընտրելիս բծախնդիր ենք, որ որակյալ արտադրանք ստանանք, պայուսակը հնարավորինս ուշ մաշվի։ Մեր արտադրած մոդելները տարածված կամ կրկնվող չեն, ոճը յուրօրինակ է։ Ջանում ենք միշտ նոր էսքիզներ մշակել, նոր մոդելներ ստեղծել։ Մեր պայուսակները գունային հարուստ գամմա ունեն։ Մեր թիմն էլ ընտանիքի պես է։ Միասին քննարկում ենք կարեւոր հարցերը, լսում միմյանց կարծիքները։ Կարծում եմ՝ հենց սրանք են մեր հաջողության գրավականները»,- ասում է Անահիտ Մանուչարյանը։
Շուտով «Պռավիզզ»-ը նաեւ դրամապանակների նոր տեսականի է արտադրելու։ Թիմը համառ աշխատանքով արդեն ապացուցել է, որ իսկապես հնարավոր է ստեղծել նորաոճ եւ որակյալ արտադրանք, որը թանկ չէ, հասանելի է գնորդներին։
Լրագրողն իր մասնագիտական գործունեությամբ հասարակական կարծիք է ձեւավորում։ Հենց ա՛յդ գիտակցումով եմ առաջնորդվում եւ աշխատում։