Ով սեպտեմբերի 23-ին հետեւել է ֆեյսբուքահայությանը, կհամաձայնի, որ վակխանալիան կազմակերպված եւ բավական գրագետ ուղղորդված էր։ Իսկ երբ խուճապը որոշակիորեն հաղթահարվեց, Արա Պապյանը դժգոհեց, թե հանրությունը կենտրոնացել է Նոյեմբերյանի գյուղերից բնակչության տարհանման մասին լուրի հավաստի կամ կեղծ լինելու, ոչ թե ՄԱԿ-ում Փաշինյանի ելույթի վրա, որով նա «փաստորեն Արցախը ճանաչեց որպես Ադրբեջանի մաս»։
Հաջորդ օրը լրատվամիջոցներից մեկում փառաբանվեց Արցախի նախագահը, բայց ոչ թե սեպտեմբերի 19-ի ուղերձի, այլ միայն նրա համար, որ որոշել է ստեղծել Քաղաքական խորհուրդ՝ ներգրավելով նախկին նախագահներին, կուսակցությունների առաջնորդներին եւ քաղաքական այլ դերակատարների։
Հոդվածագիրն այն տեսլականը զարգացրեց, որ «Հայաստանի փրկությունը դարձյալ գալու է Արցախից»՝ Նիկոլ Փաշինյանին առաջարկելով ընդօրինակել եւ ձեւավորել իշխանության ռազմա-քաղաքական, վերսահմանադրական մարմին եւ «անգլիական ձեւով» հեռանալ։
Նա կարծում է, որ Արայիկ Հարությունյանը «արդեն հեռանում է», Նիկոլ Փաշինյանը պարտավոր է հետեւել նրա օրինակին։ Սեպտեմբերի 24-ին նույն լրատվամիջոցը, վկայակոչելով Ջերմուկի իր աղբյուրները, գրեց, որ սեպտեմբերի 13-ին Արցախից մարտական գործողություններին մասնակցել է ջոկատ՝ հիմնականում «Արայիկ Հարությունյանի մերձավոր շրջապատի փորձառու կռվողներից կազմված», եւ հրապարակեց ԱԱԾ ու ՊՊԾ բարձրաստիճան սպաների, հատուկ նշանակության ստորաբաժանման հրամանատարների անունները։
Թե տեղեկատվական այդ արտահոսքն ինչ ազդեցություն կունենա հայ-ադրբեջանական առճակատման հնարավոր հետագա դրսեւորումներում, պատկան մարմինների պարզելիքն է, բայց չափազանց ուշագրավ է, որ մոտ երկու տարի Արցախի եւ Հայաստանի գործող իշխանություններին նույնացնող շրջանակներում Արայիկ Հարությունյանին սկսել են դրվատել։
Սա գրեթե քառորդդարյա «մատրիցան», թե «Արցախն է Հայաստանի քաղաքական ինքնության բյուրեղյա կերպարը», վերաձեւակերպելու եւ վերագործարկելու նախագծի քարոզչական ապահովո՞ւմն է։ Ըստ երեւույթին՝ այո՛, եթե նկատի ունենանք, որ Ամենայն Հայոց կաթողիկոսի նախաձեռնած ներքաղաքական քննարկումներին հրավիրվել են նաեւ ԼՂՀ նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը եւ Բակո Սահակյանը։ Իսկ մինչ այդ նրանք Ստեփանակերտում հանդիպել են Ռուբեն Վարդանյանի հետ, ով առաջնահերթություն է համարում Հայաստանում արցախցիների նկատմամբ ոչ բարյացակամ վերաբերմունքի հաղթահարումը։
«Խճանկարին» կարելի է այլ երանգներ էլ ավելացնել։
Արցախի «Արդարություն» կուսակցությունը, մինչդեռ, ինտրիգ մտցրեց՝ ԱԺ պատգամավորի մակարդակով հայտարարելով, որ դեմ է նոր Սահմանադրության այն դրույթին, երբ ֆորս-մաժորային իրավիճակում Ազգային ժողովը կարող է նախագահ ընտրել, ում թեկնածության համար նստակեցության եւ քաղաքացիության ժամկետային ցենզ սահմանված չէ։ Կարելի է ենթադրել, թե խոսքն ում մասին է, բայց ինչո՞ւ է «Արդարությունը» դեմ։ Խնդիրը սկզբունքայնության, թե անձնական նախասիրությունների տիրույթում է՝ կպարզվի, երեւի, առաջիկայում։
Պետական կառավարման եւ քաղաքական համակարգի ընտրության հարցում, գուցե, իրերի ներկա դրությամբ Ստեփանակերտն ազատ է կամ այդպիսին կարող է ներկայանալ։ Բայց «Հայաստանի փրկությունը դարձյալ Արցախից է գալու» նարատիվ գեներացնելու իրավունք նրան տրված չէ։ Իրականությունը մեկն է՝ Հայաստանից է գալու Արցախի փրկությունը։
Հակառակ «մատրիցայի» ավերածությունները տեսել ենք, շատ ցավոտ հետեւանքներն աչքի առաջ են։ Հայաստանի գերխնդիրը համահայկականության տեսլականից իր սուբյեկտության առանձնացումը եւ պահպանումն է։ Դա նաեւ միջազգային սուբյեկտության ամրապնդում է։ Եվ հայության ոչ մի հատված, առաջին հերթին՝ քաղաքական Ստեփանակերտը, Հայաստանի պետականությունը փորձության չպետք է ենթարկի։ Հայաստանը Նիկոլ Փաշինյանը չէ։
Պատմաբան, լրագրող, հրապարակախոս, քաղաքական գործիչ։ Հայաստանի Գերագույն Խորհրդի (1990-95) Արցախից ընտրված պատգամավոր, 2000-2015 թվականներին Արցախի Ազգային ժողովի երեք գումարումների պատգամավոր։ «Հոգեւոր Հայաստանը եւ արդիականությունը» գրքի հեղինակն է։