Վայոցձորցիները վերջին մի քանի տարիներին տարբեր ձեւաչափերով արձանագրել են, որ դեմ են մարզում հանքարդյունաբերությանը, այդ թվում՝ Գլաձորի բազմամետաղային հանքի շահագործմանը: 2022 թվականի օգոստոսի 18-ին «Մետալ Գոլդ» ՍՊԸ-ն փորձել էր Եղեգնաձոր խոշորացված համայնքի Գլաձոր բնակավայրում անցկացնել հերթական հանրային լսումը՝ Թեքսարի տարածքում ուսումնասիրություն անցկացնելու համար:
Բնակիչները, սակայն, պնդում են, որ ընկերությունը, ներկայանալով տարբեր անուններով, փորձում է հանրային լսում անցկացնել այն դեպքում, երբ չունի դրա թույլտվությունը: Քննարկումն անցել էր լարված մթնոլորտում, բացի դրանից՝ հանքին դեմ արտահայտվողները չէին կարողացել ներկայացնել իրենց տեսակետները: Եղեգնաձոր խոշորացված համայնքի բնակիչ Հայկ Իսախանյանն «Ալիք Մեդիա»-ի հետ զրույցում նշում է՝ «Մետալ Գոլդ»-ը ստացել է միայն կամերալ ուսումնասիրությունների թույլտվություն, որի համար հանրային լսում անհրաժեշտ չէ, մինչդեռ ցանկանում է Թեքսարի տարածքից 2500 խորանարդ մետր հանույթ տանել՝ իր պնդմամբ՝ ուսումնասիրության նպատակով:
«Չեն ներկայացնում՝ 2500 խորանարդ մետր հողը հանելն ինչ ազդեցություն կունենա շրջակա միջավայրի վրա, թափոնների հարցն ինչպես է լուծվելու, ջրային ռեսուրսներն ինչ վտանգի կենթարկվեն»,- ասում է Հայկ Իսախանյանը:
Լարված մթնոլորտում անցկացված քննարկումն անցել է Գլաձորի մարզադաշտում: Սկզբում հայտարարել են, թե քննարկումը չի լինելու, ժամեր անց այն կայացել է, երբ հանքին դեմ արտահայտվողներից քչերն են ներկա եղել: Իսախանյանն ասում է՝ հանքին կողմ քաղաքացիներին էլ հեռախոսների լույսի տակ ինչ-որ փաստաթուղթ են տվել ստորագրելու: Քանի որ հանքին դեմ արտահայտվողներն իրենց կարծիքն արտահայտելու հնարավորություն չեն ունեցել, դիմել են Եղեգնաձորի համայնքապետարան՝ ներկայացնելով իրենց դժգոհությունը: Համայնքապետարանը բացասական եզրակացություն է տվել հանրային լսմանը: Բնակիչները, սակայն, վստահ չեն՝ արդյոք ընկերությունը եւս մեկ անգամ հանրային լսման հայտ չի ներկայացնի:
Իսախանյանը խնդրահարույց է որակում նաեւ քննարկման անցկացման վայրը: «Համայնքում մեծ ամֆիթատրոն կա, փոխանակ այնտեղ կազմակերպեն, որ ներկա լինեն բոլոր ազդակիր համայնքների բնակիչները, անցկացնում են Գլաձորի մարզադաշտում, որտեղ անբարեկարգ վիճակ է, նստելու տեղ չկա»,- ասում է նա:
Վերնաշենի բնակիչ, «Վայոց ձորի էվոլյուցիա» ՀԿ-ի նախագահ Հայկուհի Առաքելյանն էլ հիշեցնում է՝ մի անգամ էլ ընկերությունը կորոնավիրուսի համավարակի պայմաններում հանրային լսում էր անցկացնում դպրոցի փոքր դահլիճում, ինչը եւս խոչընդոտել էր շատերի մասնակցությունը: Առաքելյանը կարեւորում է նաեւ, որ ազդակիր համայնքներ չեն համարվում Հերհերն ու Կարմրաշենը, մինչդեռ հանքի շահագործման դեպքում այդ բնակավայրերը եւս մեծ վնասներ են կրելու:
Շուտով Վերնաշեն բնակավայրում կառուցվելու է ջրամբար, ու համայնքի 800 հեկտար տարածք կդառնա ջրդի: Սա, ըստ բնակիչների, համայնքի զարգացման նախագիծ կարող է դառնալ ու բնակիչների համար երկարաժամկետ եկամտի աղբյուր ապահովել, զարգացնել «Վերնաշեն» ապրանքանիշը: Հանքարդյունաբերությամբ զբաղվել ցանկացողները, սակայն, հանքի ու ջրամբարի միջեւ հակասություն չեն տեսնում: «Ասում են՝ հանքն ինչո՞վ է խանգարում ջրամբարին, մինչդեռ պատասխանը տեսանելի է. առաջինի դեպքում արդյունքը կարճաժամկետ է լինելու, ու գյուղացին միայն բացասական հետեւանքն է տեսնելու, երկրորդի դեպքում բնակչությունը մշտական եկամտի աղբյուր կարող է ունենալ»,-ասում է Հայկուհի Առաքելյանը:
Նա նշում է, թե շատ գյուղացիների շահագրգռում են աշխատանք ունենալու հնարավորությամբ: Գյուղերում աշխատանքի խնդիրը սրված է, ու բնակիչները երբեմն այլ ելք չեն տեսնում, քան հանքի շահագործումը: «Ես կասկածում եմ, թե բնակիչներին աշխատանքով կապահովեն: Նախադեպեր էլի կան, իրենք հիմնականում իրենց աշխատողներին են բերում, լավագույն դեպքում համայնքներից մի քանի վարորդի են աշխատանքի ընդունում: Գյուղացիներին կանգնեցրել են ընտրության առջեւ. եթե մարդն օրվա հացի խնդիր ունի, բնականաբար չի մտածելու հանքի հետեւանքների մասին»,- ասում է նա:
Հայկ Իսախանյանն էլ նշում է՝ հանքի շահագործումն արգելող մի շարք հիմնավոր պատճառներ կան, որոնց մասին քչերն են խոսում: Օրինակ՝ Գլաձոր բազմամետաղային հանքը Եղեգնաձորի արգելավայրի տարածքում է: Հանքարդյունաբերական գործունեությունը վտանգ է ներկայացնում արգելավայրի բուսական եւ կենդանական աշխարհի համար, ինչը հակասում է «Ընդերքի մասին» օրենսգրքի 26-րդ հոդվածին: Բացի այդ՝ Թեքսարից սկիզբ է առնում հինգ գետ, ու ջրային ռեսուրսները չվտանգվել չեն կարող, մինչդեռ դրանցով ոռոգվում են հեկտարներով այգիներ, գյուղերից մի քանիսի խմելու ջրի խնդիրն է լուծվում:
«Գյուղերում բազմաթիվ խոշոր ներդրումներ են արվել, որոնցով զարգացվում են անասնապահությունը, զբոսաշրջությունը, ու հանքի բացմամբ թե՛ դրանք այլեւս պիտանի չեն լինի, թե՛ նոր ներդրումներ չենք կարողանա ակնկալել»,- նշում է Իսախանյանը:
Հայկուհի Առաքելյանն էլ ասում է՝ հարցը միայն հանքին ու մի քանի գյուղերի չի վերաբերում: «Հենց վայոցձորցիները պետք է հասկանան՝ ուզո՞ւմ են շարունակել ապրել այդ տարածքում: Եթե այո, ապա պետք է հստակ արձանագրեն, որ չեն ուզում՝ մարզը գնա հանքարդյունաբերության ճանապարհով, փոխարենը այն էկոտնտեսական տարածք պետք է դառնա: Բնակիչներն իրենք պետք է ստիպեն, որ մարզի զարգացման ռազմավարություն մշակվի»:
Լրագրությունը որպես մասնագիտություն ընտրելիս հավատացած էի` այն կարող է աշխարհը փոխել: Հիմա մտածում եմ` գուցե աշխարհը փոխել չստացվի, բայց որոշ դեպքերում իրավիճակ փոխել հնարավոր է: