«Խենթություն կլինի, եթե Եվրոպան Ռուսաստանից իր էներգետիկ կախվածությունը փոխանցի Ադրբեջանին՝ փոխարինելով մեկ բռնապետական պետությունը մյուսով»,- բրիտանական «Թելեգրաֆ» պարբերականում գրում է «Չարագործ հանրապետություն. Նոր Հնդկաստանի կարճ պատմություն» գրքի հեղինակ Կապիլ Կոմիրեդդին։
«ԵՄ-ն դիմում է էներգիայի հուսալի մատակարարներին: Ադրբեջանը նրանցից մեկն է»,- հուլիսին հայտարարեց Ուրսուլա ֆոն դեր Լայենը:
Անցած շաբաթվա ընթացքում ԵՄ-ի «վստահելի գործընկերը»՝ բացառիկ կոռումպացված ժառանգական բռնապետություն Կովկասում, իր ժողովրդավարական հարեւան Հայաստանի վրա անողորմ հարձակումներով դաժանորեն կոտորեց ավելի քան երկու հարյուր մարդու:
Կովկասում այդ կոտորածը ցնցող էր, քանի որ Ադրբեջանի տիրակալ Իլհամ Ալիեւը բանակցություններ է վարում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ 2020 թվականի Լեռնային Ղարաբաղի պարտությունից ի վեր: Երկու ղեկավարներն ընդամենը երկու շաբաթ առաջ ձեռք սեղմեցին Բրյուսելում:
Բաքվից Եվրոպայի խոր կախվածությունից քաջալերված եւ օգտվելով Ռուսաստանի պետության թուլացումից, որն ունի Հայաստանի հետ անվտանգության պայմանագիր եւ ավանդաբար խաղաղության միջնորդ է տարածաշրջանում՝ Ադրբեջանը գտավ, որ Հայաստանին ծնկի բերելու հարմար պահ է։
Արեւմուտքն այսօր նույնքան կտրված է խնդրից, որքան 2020-ի աշնանը, երբ Ադրբեջանը եւ Թուրքիան, որդեգրելով «երկու պետություն, մեկ ազգ» քաղաքականությունը, համավարակի պայմաններում սկսեցին Հայաստանի դեմ համատեղ ռազմական գործողություններ՝ կանոնավոր բանակին զուգահեռ ներգրավելով Անկարայի կողմից վճարվող սիրիացի վարձկանների:
Այդ պատերազմից հետո ճանապարհորդելով տարածաշրջանում՝ անհնար էր չնկատել, որ Ադրբեջանի թշնամանքը աշխարհի հնագույն քրիստոնեական պետության՝ Հայաստանի նկատմամբ հիմնված է Ղարաբաղի շուրջ տարածքային տարաձայնությունների վրա: Այն առավել թափ է ստանում մեկ այլ շովինիստական կործանարար հավատով՝ թյուրքական ժողովուրդների գերակայությունը հայերի նկատմամբ:
Ապրիլին՝ Հայոց ցեղասպանության հիշատակի օրվա նախօրեին Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն վշտացրեց իրենց ողբերգական անցյալը սգացող հայերին՝ ցույց տալով «գորշ գայլերի» նշանը՝ թուրք լկտի ուլտրաազգայնականների ժեստը: Հայոց ցեղասպանությունը ակնհայտորեն ցնծության եւ գոհունակության աղբյուր է Թուրքիայի եւ Կովկասում նրա գործընկերոջ համար:
Կովկասում հարյուրավոր սպանությունների պտտվող սարսափելի տեսարաններից մեկը, որը ես տեսա ղարաբաղցի մի փախստականի հեռախոսով, մտքիցս դուրս չի գալիս:
Ադրբեջանցի զինվորները դանակով գլխատում են տարեց հայ քաղաքացիական անձի, այնուհետեւ գլուխը տեղադրում խոզի դիակի վրա: Գլխատումն ինքնին սարսափելի է, իսկ գլխատված խոզը կրոնական ատելության խորհրդանիշն է:
Human Rights Watch կազմակերպությունը հաստատել է Ադրբեջանի իշխանությունների կողմից խոշտանգվող հայերի բազմաթիվ տեսանյութեր: Նոր սարսափելի տեսարաններ են ավելանում հներին: Մի տեսանյութ է այժմ շրջանառվում տարածաշրջանում, որը նկարահանել է ադրբեջանցի զինծառայողը՝ ցույց տալով, թե ինչպես են իրենք ծաղրում մահացածներին, նաեւ մի հայ կնոջ խեղված դիակը՝ մերկ մարմնի վրա կիսով չափ կտրած գլուխ՝ աչքերը հանած, տեղը քարեր դրած:
Որեւէ մեկը չպետք է կասկածի Ադրբեջանի մտադրությանը, որը զգալի աշխատանք է կատարում Հայաստանի հնագույն կրոնական ժառանգությունը գրավյալ տարածքներում հիմնովին ոչնչացնելու ուղղությամբ:
Յուրաքանչյուր մեղք, որը կարելի է վերագրել Վլադիմիր Պուտինի Ռուսաստանին, կարելի է վերագրել նաեւ Ալիեւի Ադրբեջանին: Ադրբեջանի իշխող դինաստիայի կուտակած հարստության համեմատ շատ ռուս օլիգարխներ պարզապես կարող են համեստ դիլետանտներ երեւալ: Միայն Մեծ Բրիտանիայում նրանց ունեցած գույքը, OCCRP-ի (Organized Crime and Corruption Reporting Project) գնահատմամբ, մոտ 700 միլիոն դոլար է:
Ալիեւի Ադրբեջանը ինչ-որ չափով քաղաքականորեն ավելի ռեպրեսիվ է, քան Պուտինի Ռուսաստանը. Freedom House-ի քաղաքացիական եւ քաղաքական ազատությունների ցուցանիշով Ադրբեջանը տասներորդ տեղում է Ռուսաստանից առաջ: Ադրբեջանը ռազմական ազգայնականությամբ, որը ներծծված է հայերի դեմ էթնիկ ատելությամբ, նույնպես գերազանցում է իր ռուս գործընկերոջը: Ալիեւը Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում թանգարան էր բացել, որի գլխավոր ցուցանմուշները իրենց սպանած հայ զինվորների սաղավարտներն էին:
Ադրբեջանը, որին զինում եւ կառավարում է ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան, այժմ գրոհում է Հայաստանի ինքնիշխան տարածք: Ռուսաստանի հարեւանությամբ անցանկալի ժողովրդավարություններից մեկի հետ ոչ միայն դաժանաբար են վարվում, այլեւ ստիպում են ընդունել սեփական ոչնչացումը: Բայց Եվրոպան շատ չի շահելու Ադրբեջանի հետ առեւտրային գործընկերությունից:
Բաքուն կախված է Իրանի եւ Թուրքմենստանի բնական գազի ներմուծումից եւ ներքին էներգետիկ պահանջների բավարարման խնդիր ունի: Բացի այդ՝ ադրբեջանական գազի հանքավայրը, որը ենթադրաբար Բաքվից Եվրոպա մատակարարումների աղբյուրն է, մասամբ պատկանում է Ռուսական Lukoil-ին:
Ադրբեջանին վճարելով՝ Եվրոպան անուղղակիորեն գումար է դնում Ռուսաստանի ձեռքը: Եվրոպան Ռուսաստանից էներգետիկ անկախության պատրանք է ստեղծում: Հայերը վճարում են նրանց ինքնախաբեության գինը:
Թարգմանեց Կարինե Դավոյանը