Աշխարհի ամենաազդեցիկ միջազգային տնտեսական կառույցներից մեկը՝ Տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպությունը (OECD), սեպտեմբերի 26-ին հրապարակված զեկույցում հայտնել է, որ ռուս-ուկրաինական պատերազմի հետեւանքները համաշխարհային տնտեսության համար շատ ավելի ծանր են լինելու, քան ակնկալվում էր։
Ըստ «Ազատություն» ռադիոկայանի՝ կազմակերպության փորձագետները նշել են, որ համապարփակ համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ) 2023-ին առնվազն 2,8 տրիլիոն դոլարով ցածր կլինի: «Համաշխարհային տնտեսությունը բարձր գին է վճարում Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ոչնչով չարդարացված, անհիմն եւ անօրինական ագրեսիայի համար»,- ընդգծել են զեկույցի հեղինակները։
Ըստ զեկույցի՝ քանի որ ՔՈՎԻԴ-19 համավարակի հետեւանքները դեռեւս չեն դադարում, պատերազմն իր հերթին դանդաղեցնում է տնտեսական աճը եւ հավելյալ նպաստում գնաճին, առաջին հերթին սննդի եւ էլեկտրաէներգիայի համար: Զեկույցի հեղինակները շեշտել են, որ համաշխարհային ՀՆԱ-ն լճացել է 2022-ի երկրորդ եռամսյակում, իսկ արտադրությունը նվազել է G20-ի տնտեսություններում։ Բարձր գնաճը սպասվածից ավելի երկար է պահպանվում: Շատ տնտեսություններում 2022-ի առաջին կիսամյակում գնաճն ամենաբարձրն էր 1980-ականներից ի վեր։